31 մայիսի 2009 - 16:18 AMT
Ծեծի ենթարկված լրագրողուհին հրաժարվել է դիմում ներկայացնել ոստիկանություն
ՀԱԿ-ը հայտարարություն էր տարածել, թե իբր այսօր, ժամը 10:25-ի սահմաններում 9/1 տեղամաս է ներխուժել Աժ պատգամավոր Լեւոն Սարգսյանը եւ հրահանգել թիկնապահներին դուրս հանել «Չորրորդ Իշխանություն», «Հայք», «Ժամանակ Երեւան» թերթերի լրագրողներ Գոհար Վեզիրյանին, Տաթեւ Մեսրոպյանին եւ Մարինե Խառատյանին: Ըստ հայտարարության, «ի պատասխան լրագրողների հարցումներին թիկնապահներն ու նրանց պարագլուխները լրագրողներին ծեծի են ենթարկել, խլել նրանց ձայնագրիչներն ու հեռախոսները եւ դուրս են հանել ընտրատեղամասից: Այս ամենը զուգորդվել է սեռական բնույթի հայհոյանքներով»: ՀԱԿ-ը հայտարարել էր, որ լրագրողները պատրաստվում են հայտարարություն տալ ոստիկանության բաժին:


Ինչպես հայտնի է դարձել PanARMENIAN.Net-ի թղթակցին, ոստիկանություն հայտարարություն տալու համար կանչված «Չորրորդ իշխանություն» թերթի լրագրող Գոհար Վեզիրյանը հրաժարվել է պատասխանել ոստիկաների հարցերին: «Ես խորհրդակցեցի իմ փաստաբան Հովիկ Արսենյանի հետ, նա ասաց, որ կարող եմ օգտվել իմ սահմանադրական իրավունքից եւ դեպքի վերաբերյալ հայտարարություն չտալ: Ես այդպես էլ արեցի ու ոստիկանների հարցերին չեմ պատասխանել»,-ասել է Վեզիրյանը: