1 հունիսի 2009 - 15:23 AMT
Կառավարությունը Arm Tech-ին կֆինանսավորի 30 տոկոսով
Arm Tech առաջիկա կոնգրեսի անցկացման առթիվ այսօր կայացած մամլո ասուլիսի ժամանակ Հայաստանի էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը լրագրողներին տեղեկացրել է, որ կառավարությունը մտադիր է ֆինանսավորել Arm Tech կոնգրեսի բյուջեի 30 տոկոսը:

«Սինոփսիս Արմենիա» ընկերության գլխավոր գործադիր տնօրեն Ռիչ Գոլդմանի խոսքերով, նման տիպի կոնգրեսի բյուջեն կարող է կազմել մոտ 1 մլն դոլար, սակայն բազմաթիվ հայկական ընկերություններ, կազմակերպություններ ու կամավորներ նախագծին կմասնակցեն անվճար: Ռիչ Գոլդմանը նաեւ նշել է, որ շատ բան է ակնկալում այդ կոնգրեսից, քանի որ ուշագրավ է այն, որ տվյալ կոնգրեսը կիրականացվի կրթության եւ գիտության ոլորտների հիմնարկությունների հետ կառավարության սերտ համագործակցությամբ: Հենց այդպիսի համագործակցությունը կարող է առաջիկա միջոցառման հաջողության երաշխիքը լինել:

ArmTech կոնգրեսը տեղի կունենա 2009թ. նոյեմբերի 5-8-ը Կալիֆորնիայի Սիլիկոնային հովտում: Նաեւ նշվել է, որ հավանաբար Հայաստանի կողմից կոնգրես կայցելի 300-ից մինչեւ 350 մարդ, իսկ կմասնակցի շուրջ 30 հայ ընկերություն: