1 հունիսի 2009 - 17:17 AMT
«Հայաստան» հիմնադրամը շնորհավորել է Վահագն Տատրյանին եւ Վոլֆգանգ Գաստին
«Մեզ համար մեծ պատիվ է արտահայտել մեր երախտագիտությունը նախագահի մրցանակի դափնեկիրներին` Հայոց ցեղասպանության ճանաչման գործում նշանակալի ավանդ ներդրած անձանց»,- հայտնել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի տնօրեն Արա Վարդանյանը: Նրա խոսքով, «Հայաստան» համահայկական հիմնադրամը հպարտ է, որ հանդիսանում է Նախագահի մրցանակի կազմակերպիչն ու համակարգողը:

«Հայաստան» համահայկական հիմնադրամը շնորհավորել է «Նախագահի մրցանակ 2008» մրցանակակիրներ ամերիկահայ պրոֆեսոր Վահագն Տատրյանին եւ հանրահայտ գերմանացի հրապարակախոս Վոլֆգանգ Գուստին, որոնք նոմինացվել էին Հայոց ցեղասպանության ուսումնասիրման մեջ ներդրած մեծ ավանդի եւ XX դարի առաջին Ցեղասպանության միջազգային ճանաչման պայքարի համար:

ՀՀ նախագահի մրցանակը ներառում է վկայագիր, շքանշան եւ 10 հազար ԱՄՆ դոլար: Մրցանակին առայսօր արժանացել են չորս հայ եւ հինգ այլազգի մտավորականներ եւ գործիչներ: