1 հունիսի 2009 - 19:31 AMT
Վրաստանը Benetton ընկերությանը ստիպել է հրաժարվել սեփական ծրագրերից
Benetton Group SpA -ն վերանայել է Աբխազիայի մասնակիորեն ճանաչված հանրապետությունում խանութ բացելու մասին իր վիճելի որոշումն այն բանից հետո, երբ Վրաստանը բարձր մակարդակով իր դժգոհությունն է հայտնել, իսկ Վրաստանում ընկերության ռիթեյլերները ի նշան բողոքի փակել են իրենց խանութները: Դա առաջին դեպքն է, երբ միջազգային ապրանքանիշը տուժում է Աբխազիայի հետ իր տնտեսական կապերի պատճառով, հաղորդում է The Wall Street Journal-ը:

Ընկերության յոթ խանութներ փակվել են այն բանից հետո, երբ Benetton-ի թուրքական բաժանմունքը հայտարարել է Սուխումիում խանութ բացելու մտադրության մասին: Մամուլի համար հայտարարության մեջ ասվում էր, որ ընկերությունը հպարտությամբ խանութ է բացում Աբխազիայում, որը դուռ է` դեպի ծովը տանող պատմական Մետաքսե ճանապարհը բացող: Այդ հայտարարությանը բորբոքված արձագանքեց վրացական կառավարությունը: Արտգործնախարար Գրիգոլ Վաշաձեն դա «վրդովիչ» է անվանել:

«Գործնականում անցյալ դարի իննսունականներից Աբխազիան չի ենթարկվում Թբիլիսիին, իսկ անցյալ տարվա օգոստոսյան պատերազմից հետո Ռուսաստանը ճանաչեց նրա անկախությունը եւ այնտեղ տեղակայեց իր զորքերը. Վրաստանում դա «օկուպացիա» են կոչում: Եւ օկուպացված տարածքների մասին օրենքի համաձայն այնտեղ կարելի է կոմերցիոն գործունեությունը ծավալել միայն Թբիլիսիի թույլատրության դեպքում: «Ցանկացած նախաձեռնություններ եւ ցանկացած դրական փոփոխություններ մեր հանրապետությունում առաջ են բերում Վրաստանի զայրույթը,- ասում է Սուխումիի քաղաքապետ Ալիաս Լաբախուան:- Աբխազիան արդեն 15 տարի ոչ մի ընդհանուր բան չունի Վրաստանի հետ, եւ մենք ինքներս ենք որոշում, թե ում հետ պետք է համագործակցենք եւ տնտեսական կապեր հաստատենք»,- գրում է թերթը: