1 հունիսի 2009 - 19:54 AMT
Բելոռուսում բացվել է «Ընկերություն առանց սահմանների» միջազգային ֆորումը
Այսօր Բելոռուսում «Զուբրյոնոկ» Ազգային մանկական առողջարանական ճամբարի հիման վրա բացվել է առաջին Միջազգային երիտասարդական «Ընկերություն առանց սահմանների» ֆորումը, որին մասնակցում են 8 երկրների ներկայացուցիչներ` Ադրբեջան, Հայաստան, Բելոռուս, Ղազախստան, Ղրղզստան, Մոլդովա, Ռուսաստան եւ Տաջիկստան:

Ֆորումի կազմակերպիչն է Բելոռուսի Հանրապետության Կրթության նախարարությունը ԱՊՀ մասնակից-երկրների Հումանիտար համագործակցության միջպետական հիմնադրամի եւ ԱՊՀ Գործադիր կոմիտեի աջակցությամբ: Ֆորումը տեղի է ունենում ԱՊՀ երկրներում հայտարարված Երիտասարդության տարվա շրջանակներում:

Կազմակերպիչների մտահաղացմամբ ֆորումը երկու շաբաթով կհավաքի, նշանակում է, կընկերացնի տարբեր ազգությունների երիտասարդների, կմիավորի ընդհանուր գործով:

Ֆորումի ծրագրում նախատեսված են. բանավիճային հանդիպումներ, երիտասարդական քաղաքականության, կրթության, հայրենասիրական եւ միջազգային դաստիարակության արդի թեմաներով կլոր սեղաններ, բնապահպանական ակցիաների անցկացում: Յուրաքանչյուր տարի ֆորումը նվիրվելու է ԱՊՀ երկրներից մեկին:

Երիտասարդական ֆորումն անցկացվում է 2009-2010թթ. ԱՊՀ մասնակից-երկրների հումանիտար համագործակցության ոլորտում Առաջնային միջոցառումների պլանի իրագործման շրջանակներում, որն ընդունվել է ս.թ. մայիսի 22-ին Աստանայում (Ղազախսատն) կառավարությունների գագաթաժողովի կողմից: