3 հունիսի 2009 - 16:01 AMT
Երեւանի նախկին քաղաքապետը ընտրախախտումների վկաներին կոչ է արել չհամագործակցել դատախազության հետ
Մայիսի 31-ին Երեւանում կայացած Ավագանու խորհրդի ընտրությունները ոչ մի կերպ չի կարելի ընտրություններ անվանել: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Հայ ազգային կոնգրեսի (ՀԱԿ) ներկայացուցիչ, Երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը: Նա գտնում է, որ Հայաստանում ստեղծված բռնապետական վարչակարգի պայմաններում հարկավոր է ընդհանրապես դադարեցնել ընտրությունների անցկացումը: «Դա ոչ թե ընտրություններ էին, այլ զանգվածային կեղծումների` նախապես ծրագրված գործընթաց, որում իշխանություններն օգտագործեցին վարչական եւ ուժային ռեսուրսները»,- հայտնել է Վահագն Խաչատրյանը:

Վահագն Խաչատրյանի խոսքով, նախքան ընտրությունները ընդդիմությունը որոշակի հույս ուներ, որ գոնե Երեւանի քաղաքապետարանը լեյգիտիմ եւ կայացած կառույց կդառնա: Բայց այն, որ ինչ տեղի ունեցավ մայիսի 31-ին, ապացուցեց հակառակը: «Ընտրությունների ընթացքում ՀԱԿ եւ իր կողմնակիցները հասկացան, որ իշխանությունները չեն կարողանա իրենք իրենց դավաճանել»,- նշել է նա:

PanARMENIAN.Net-ի թղթակցի այն հարցին, թե ինչու ՀԱԿ ներկայացուցիչները, լրագրողներն եւ դիտորդները, որոնք ընտրությունների ընթացքում կեղծումներ էին արձանագրել, հրաժարվում են համագործակցել Դատախազության հետ, Վահագն Խաչատրյանը հայտնել է, որ ինքը չի վստահում ոչ մի պետական մարմինների, եւ հատկապես դատախազությանն ու ոստիկանությանը: «Ես բոլորին կոչ եմ անում վարվել այնպես, ինչպես վարվեցին «168 ժամ» թերթի լրագրողները եւ «Թրանսփարենսի Ինթերնեյշնլ Արմենիա» կազմակերպության դիտորդը` չներկայանալ տեղամասեր եւ սեփական կյանքը վտանգի չենթարկել»,- պատասխանել է Խաչատրյանը: Այն հարցին, թե ինչպես այդ դեպքում, ըստ նրա, պետք է աշխատեն դատախազությունն ու ոստիկանությունը, նա հայտնել է` թող այդ կառույցները ոչ թե ընտրությունների կեղծմամբ, այլ սեփական իմիջի եւ ժողովրդի վստահության վերականգնմամբ զբաղվեն: