3 հունիսի 2009 - 16:21 AMT
Եվրախորհրդարանի ընտրություններում ավելանում է թուրքական ծագումով թեկնածուների թիվը
Հունիսի 4-7 կայանալիք Եվրախորհրդարանի ընտրություններում ավելանում է թուրքական ծագումով թեկնածուների թիվը: Ինչպես գրում է թուրքական «Հյուրիեթ դեյլի նյուսը», թուրքական ծագումով թեկնածուների ամենամեծ քանակը առաջադրել է Գերմանիան: Իսմաիլ Էթրուղը, Խդիր Քարադեմիրը եւ Նաջիթ Կարաահմեդօղլուն ներկայացնում են Սոցիալ-ժողովրդավարական կուսակցությունը, Սիդար Այդինլիկը, Կադրիե Քարջին եւ Սոնգյուլ Ղարաբուլութը առաջադրվել են ձախ կուսակցության կողմից: Քրիստոնյա-ժողովրդավարական միությունն առաջադրել է Յաշար Բիլգինին:

Երկրորդը Բելգիան է: «Կանաչների» ցուցակում ընդգրկվել են Մերիեմ Ալմաջին եւ Յանան Ասլիյջե Ֆլամանը: Ներմին Կումանովան ընտրություններում ներկայացնում է ECOLO-ն` բելգիայի ֆրանսախոս բնակչության «կանաչների» կուսակցությունը: Քրիստոնյա-ժողովրդավարական կուսակցությունն առաջադրել է Մուստաֆա Ուզունին, իսկ ֆլամանդական սոցիալիստները` Սելահատտին Քոջակին եւ Շեներ Քային: Ֆրանսիայի սոցիալիստական կուսակցությունից թուրքական ծագում ունեցող թեկնածուն է Էմրուլլահ Դենիզը, իսկ Դանիայի սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից` Հուսեյն Արաջը: Նիդերլանդները կներկայացնեն Էմին Բոզկուրտն ու Էրդողան Քայը: Մեծ Բրիտանիայի լեյբորիստական կուսակցությունն է ներկայացնում Նիլգյուն Ջանվերը: