3 հունիսի 2009 - 21:16 AMT
Հայ-ավստրիական հանձնաժողովը զանազան տնտեսական ծրագրերի լայն շրջանակ կքննարկի
Հունիսի 3-ին ՀՀ ֆինանսների նախարարությունում մեկնարկեց Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձնաժողովի չորրորդ երկօրյա նիստը, որը նախագահում են ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Դավթյանը եւ Ավստրիայի Հանրապետության պատվիրակության ղեկավար Յոհանն Զաքսը:

Ինչպես հաղորդում է Հայաստանի Ֆինանսների նախարարության տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժինը, նիստի ընթացքում Հայաստանի եւ Ավստրիայի պատվիրակության անդամները կքննարկեն զբոսաշրջության, տեղեկատվական տեխնոլոգիաների, էներգետիկայի, գյուղատնտեսության եւ արդյունաբերության ոլորտներում իրականացվող համատեղ ծրագրերը` նախանշելով նշված եւ այլ ոլորտներում հետագա համագործակցության հնարավոր ուղղությունները: Կողմերը կանդրադառնան նաեւ երկու երկրների ներկա եւ հեռանկարային տնտեսական իրավիճակին, հակաճգնաժամային միջոցառումների իրականացմանը վերաբերող, ինչպես նաեւ առեւտրի եւ ներդումների ոլորտում երկկողմ համագործակցության խնդիրներին:

Հայ-ավստրիական միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում քննարկումներ կծավալվեն նաեւ «ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության մասին շրջանակային կոնվենցիայի Կիոտոյի արձանագրության Մաքուր զարգացման մեխանիզմի շրջանակներում ծրագրերի իրականացման համար» եւ «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» հայ-ավստրիական երկկողմ համաձայնագրերի նախագծերի շուրջ:

Հայ-ավստրիական առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության խառը հանձաժողովի առաջին նիստը տեղի է ունեցել 2002 թվականին Վիեննայում: