3 հունիսի 2009 - 23:02 AMT
Այսօր Հանրապետությունում ավելի քան 300 հազար շրջանավարտ ավարտական քննություն էր հանձնում «Ֆիզիկայից», «Քիմիայից», «Կենսաբանությունից», եւ «Աշխարհագրությունից»
Հանրապետության հանրակրթական դպրոցների այս տարվա շրջանավարտներն այսօր հանձնում էին ավարտական քննություն՝ բնագիտական առարկաներից։ «Ֆիզիկա», «Քիմիա», «Կենսաբանություն», «Աշխարհագրություն» առարկաներից քննություն էր հանձնում 37731 շրջանավարտ։

ՀՀ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը քննություններին հետեւում էր մայրաքաղաքի թիվ 35 դպրոցում, որտեղ ժամանակին սովորել է մինչեւ ութերորդ դասարան։ Շրջանավարտներին հաջողություն մաղթելով՝ նախարարը նշեց, որ նրանք գտնվում են կյանքի կարեւոր փուլում, ու չափազանց կարեւոր է, թե վաղը նրանք ինչպիսի մասնագետ են դառնալու։ «Մեզ համար հավասարապես կարեւոր են թե՛ ավարտական, թե՛ միասնական քննությունները, որովհետեւ դրանց շնորհիվ մենք տեսնում ենք հանրակրթական դպրոցի որակը։ Խնդիր, որ առաջնային է ինչպես հանրակրթության, այնպես էլ մասնագիտական կրթության պարագայում։ Կարեւոր խնդիր է նաեւ դպրոցից մասնագիտական կրթություն շրջանավարտների հնարավորինս սահուն անցումն ապահովելը։ Դրա համար մշակվել եւ ներդրվել է միասնական ու ավարտական քննությունների համակարգը, որը որպես մեխանիզմ պետք է շարունակենք զարգացնել ու կատարելագործել»,- ասաց ԿԳ նախարարը։

Թիվ 35 դպրոցում բոլոր քննությունները սկսվեցին ճիշտ ժամանակին, ժամը՝ 11.00-ին, բացառությամբ «Կենսաբանության», քանի որ տեխնիկական պատճառով այդ առարկայի տեստերը դպրոց չէին հասել։ԳԹԿ-ից տեստերը բերվեցին, եւ խնդիրն արագ հարթվեց. 30 րոպե ուշացումով շրջանավարտները սկսեցին նաեւ այդ քննությունը։ ԿԳ նախարար Ա. Աշոտյանը վստահեցրեց, որ այս ուշացումը չի լինի ի հաշիվ շրջանավարտների, եւ նրանց հնարավորություն կտրվի լիարժեքորեն օգտագործել քննության համար սահմանված ժամանակը։ Իսկ նման տեխնիկական խնդիրներից խուսափելու նպատակով ԳԹԿ պատասխանատուներին կհանձնարարվի եւս մեկ անգամ ճշտել տեստերի բաշխման գործընթացը։