3 հունիսի 2009 - 23:15 AMT
«Մետամորֆոզներ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան տեղի կունենա Երեւանում
Երեւանում տեղի կունենա «Մետամորֆոզներ» գեղարվեստական ֆիլմի պրեմիերան: Հունիսի 12-13-ին ռեժիսոր Ռուբեն Քոչարը «Մոսկվա» կինոթատրոնում կներկայացնի իր նոր աշխատանքը, որի վրա նա աշխատել է վերջին երկու տարվա ընթացքում:Կինոնկարի ստեղծողներն իրենց առջեւ նպատակ են դրել ներկայացնելու վիրտուալ աշխարհի մարդուն կլանելու տարածված երեւույթը, երբ անհետանում է իրականության եւ երեւակայական աշխարհի միջեւ սահմանը:

«Մեր օրերին հազվադեպ է հաջողվում նորարարություն կատարել կինեմատոգրաֆի աշխարհում: Այդ ֆիլմն իրենից ներկայացնում է մի կոլլաժ, որը նորույթ է, եւ մարտահրավեր է այսօր տարածված ֆիլմերի ոճերին», - ֆիլմը նկարագրել է ռեժիսոր Քոչարը:

«Մետամորֆոզներ» ֆիլմի նկարահանումները կատարվել են ԱՄՆ-ում: Ֆիլմի աշխատանքին, բացի հայ հանդիսատեսին հայտնի դերասաններից, ինչպիսիք են, օրինակ Հովհաննես Բաբախանյանը, Լուիզա Ներսիսյանը, մասնակցում են նաեւ Նարինե Լալայանը, Էդդի Դե Լեոնը, Ժան-Պիեր Նշանյանը:

Ռեժիսոր Ռուբեն Քոչարի խոսքերով, ֆիլմը նվիրված է գրող Ուիլյամ Սարոյանի հոբելյանին: Ֆիլմի գործողությունն ընթանում է ԱՄՆ-ում, իսկ ֆիլմի գլխավոր հերոսները հայեր են: Ընդ որում, ֆիլմում շեշտը դրվում է ոչ թե հերոսների ազգային պատկանելության, այլ հայի կերպարի վրա, որին կարելի է հանդիպել աշխարհի ցանկացած կետում:

Գլխավոր հերոսի հոր դերը կատարել է Հովհաննես Բաբախանյանը, իսկ գլխավոր հերոսուհու դերում նկարահանվել է Նարինե Լալայանը: