4 հունիսի 2009 - 16:20 AMT
Իսրայելը փորձում է ցուցադրել Թեհրանին իր ռազմական ողջ հզորությունը
Իսրայելի հայտարությունը Իրանին հարված հասցնելու անհնարինության մասին կարելի է դիտարկել երկու տեսակետից: Առաջին` պաշտոնական Երուսաղեմն իր առաջ խնդիր է դնում ցուցադրել Թեհրանին իր ռազմական հզորությունը: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին հայտնել է իրանագետ Թադեւոս Չարչյանը: «Երկրորդ` Իսրայելը ցանկանում է իր դաշնակիցների եւ հակաիրանական տրամադրություն ունեցող երկրների ուշադրությունը հրավիրել այն հանգամանքի վրա, որ Իրանը սպառնալիք է ոչ միայն իր համար, այլ նաեւ այդ երկրների: Այդ առումով Իսրայելի ԱԳՆ ղեկավարի վերջին հայտարարությունը կարելի է դիտարկել որպես համերաշխության կոչ»,- ընդգծել է իրանագետը: Բացի դրանից, Թադեւոս Չարչյանն ասել է, որ հանդես գալով նման հայտարարությամբ, իսրայելական կողմը փորձում է ստանալ Թեհրանի պատասխան ռեակցիան, որը, ինչպես ցույց է տալիս փորձը, չի ուշանում:

Իսրայելի արտգործնախարար Ավիգդոր Լիբերմանը հայտարարել է, որ Իսրայելը չի պատրաստվում ռմբակոծել Իրանը: «Իրանի մուտք գործելը միջուկային ակումբ, սպառազինությունների մրացավազք կառաջացնի, խելահեղ մրցավազք ամբողջ Մերձավոր Արեւելքում: Բայց մենք չենք պատրաստվում ռմբակոծել Իրանը, ոչ ոք մեր ձեռքերով իր խնդիրները չի լուծելու»,- ասել է նա: