4 հունիսի 2009 - 17:40 AMT
Ղրիմում բացվել է ԱՊՀ ներքին գործերի նախարարների հերթական Խորհրդի նիստը
Ղրիմում հունիսի 4-ին բացվել է Անկախ պետությունների համագործակցության (ԱՊՀ) ներքին գործերի նախարարների Խորհրդի հերթական նիստը: Խորհրդաժողովը բացել է Ուկրաինայի ՆԳՆ ղեկավար Յուրի Լուցենկոն, որին վեհաժողովի սկզբում ԱՊՆ անդամ-երկրների ներքին գործերի նախարարների խորհրդի նախագահության պարտականությունը հանձնել է ՌԴ ՆԳՆ ղեկավար Ռաշիդ Նուրգալիեւը:

Նա ասել է, որ «այդ հանդիպման ժամանակ պատվիրակները նախատեսում են քննարկել տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում, թմրանյութերի անօրինական շրջանառության եւ տրաֆիկինգի դեմ պայքարում երկրների համագործակցության հեռանկարների եւ իրադրության մասին հարցերը»:

Նիստին մասնակցում են Ուկրաինայի, Ռուսաստանի, Ադրբեջանի, Հայաստանի, Բոլոռուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Մոլդովայի, Տաջիկստանի եւ Ուզբեկստանի պատվիրակությունների ղեկավարները:

Այսօր նախատեսվում է ԱՊՀ ՆԳՆ ղեկավարների երկկողմանի եւ բազմակողմանի հանդիպումների անցկացում` հանցավորության դեմ պայքարում համագործակցության հարցերը քննարկելու նպատակով: Վեհաժողովի արդյունքներով ստորագրվելու են մի շարք փաստաթղթեր, հաղորդում է Ռոսբլատը: