
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցությունը հայտարարություն է տարածել՝ արձագանքելով 2025 թվականի օգոստոսի 8-ին ԱՄՆ-ում Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ կայացած եռակողմ հանդիպման հայտարարությանը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրին։ Խմբակցության գնահատմամբ, այդ փաստաթղթերը, որոնց կարևորությունը շեշտում է իշխանությունը, ոչ միայն «կապ չունեն իրական խաղաղության հետ, այլև պարունակում են Հայաստանի և հայ ժողովրդի համար գոյաբանական նոր սպառնալիքներ»։
«Մասնավորապես՝
Տարածաշրջանային իրական խաղաղությունը և երկարատև կայունությունը՝ հիմված ազգերի ազատ ինքնորոշման վրա, պահանջում է շահերի բազմակողմ համադրում, ուժերի իրական հավասարակշռություն, միջազգային երաշխիքների առկայություն: Մեր կողմից անհրաժեշտ է ապահովել Հայաստանի ներքին և արտաքին անվտանգության համակարգերի ամրապնդում, ներազգային համերաշխության հաստատում, ազգային-պետական ինստիտուտների ամրացում, ինչպես նաև արտաքին դաշնակիցների ներգրավում»,–ասվում է հայտարարության մեջ։
Նշվում է, որ առանց վերը նշված հարցերի՝ ներկայացված փաստաթղթերը բացառապես փաստում են հայկական կողմին հասցվող մեծ վնասի մասին:
«Նիկոլ Փաշինյանը, հերթական անգամ չարաշահելով Սահմանադրությամբ և օրենքներով սահմանված իր լիազորությունները, խախտելով կառավարության ստանձնած հանրային-իրավական պատասխանատվությունը, կեղծ խաղաղության քարոզով մոլորության մեջ է փորձում գցել հայ ժողովրդին՝ նպատակ ունենալով ապահովել իր ռեժիմի վերարտադրությունը:
Սիրելի՛ հայրենակիցներ, մենք մերժում ենք նման գործելաոճը, անընդունելի և դատապարտելի ենք համարում Հայաստանին պարտադրվող հերթական զիջումները, վերահաստատում ենք, որ հնարավոր է դուրս գալ մեր ժողովրդին պարտադրվող պարտությունների այս արատավոր շղթայից, վերականգնել մեր ազգային արժանապատվությունն ու կերտել ամուր պետականություն: Այս ամենը հնարավոր է իրականացնել՝ բացառելով ազգային ողբերգության հեղինակ-Հայաստանի գործող ռեժիմի վերարտադրությունը»,–ասվում է հայտարարության մեջ։
«Ապրելու երկիր» կուսակցությունը, կարևորելով Հայաստանի շուրջ ամուր և կայուն խաղաղության հաստատման անհրաժեշտությունը և միջազգային աջակցությունը, արձանագրել է, որ Հայաստանի իշխանությունները հերթական անգամ առկա մարտահրավերները փորձում են մատուցել որպես «աննախադեպ հաջողություն»՝ միտումնավոր կերպով շրջանցելով այն արձանագրումը, որ այդ «աննախադեպության» գինը իրենք վճարել են Արցախի անունը այլևս չտալով և Ադրբեջանի հետ ուղիղ բանակցությունների ձախողմամբ
Հայտարարությունում նշվում է, որ հայ գերիների վերադարձը պետք է դառնա Հայաստանի հստակ պահանջը ինչպես Բաքվին, այնպես էլ միջազգային հանրությանը՝ որպես իրական խաղաղության նախապայման։ Նշվում է նաև, որ Հայաստանի սուվերեն տարածքից ադրբեջանական զինված ուժերի դուրսբերումը և սահմանազատման գործընթացը պետք է կողմերի համար լինի հստակ և ժամկետներով սահմանված պարտավորություն։
Ըստ կուսակցության, ստորագրված փաստաթղթում բացակայում է Ադրբեջանի պարտավորությունը ճանապարհների ապաշրջափակման վերաբերյալ, իսկ դրա փոխարեն ընդամենը նշվում է «երկու երկրների միջև հաղորդակցությունների բացման կարևորությունը»։ Նրանք ընդգծում են, որ Ադրբեջանի հակահայ քաղաքականությունն ու անհիմն պահանջները շարունակվում են, իսկ խաղաղության պատրանքը «վաճառելը» դիտարկում են որպես վտանգավոր նախընտրական մանիպուլյացիա՝ ռիսկերի կուտակումով։
«Ապրելու երկիր» կուսակցության համոզմամբ, գործող իշխանությունը ի զորու չէ պաշտպանել Հայաստանի շահերը Ադրբեջանի հետ ստորագրված, այդ թվում՝ բազմակողմ փաստաթղթերի շրջանակում։ Կուսակցությունը կարևորել է նոր իշխանության ձևավորումը, որի հիմքում պետք է լինեն խոհեմությունը, պրոֆեսիոնալիզմը և նվիրումը։
Օգոստոսի 8–ին Սպիտակ տանը կայացած ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպմանը ստորագրվել է համատեղ Հռչակագիր` Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպման արդյունքների մասին:
Վաշինգտոնում Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։