Սերգեյ Իվանով. «ՌԴ երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը»

PanARMENIAN.Net - Ռուսաստանի Դաշնությունը երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը, հայտարարել է ՌԴ վարչապետ Սերգեյ Իվանովը` ուրբաթ օրը ելույթ ունենալով Միջազգային տնտեսական համաժողովի շրջանակներում անցկացվող «Տնտեսական ճգնաժամն ու գլոբալ անվտանգության նոր սպառնալիքները» նստաշրջանում:



«ՌԴ երբեք չի կիսել «չարիքի առանցք» տերմինը: Մենք երբեք ոչ մի երկիր վտարանդի չենք անվանել: Մենք գտնում ենք, որ նման սահմանումների դեպքում երկակի չափանիշներն անխուսափելի են: Կոպիտ ասած, ում ցանկանամ, սեւ ցուցակում կընդգրկեմ, ում էլ ցանկանամ, դրական կողմով կներկայացնեմ», - ասել է Իվանովը: Ընդ որում, նա նշել է, որ աշխարհում շատ կան անկայուն պետություններ, սակայն «դա նրանց մեղքը չէ, այլ նրանց դժբախտությունն է»:



«Չեմ ցանկանում ոչ մեկի հետ հաշիվ մաքրել կամ խառնակչությամբ զբաղվել, սակայն հինգ-վեց տարվա ընթացքում մենք դիմել ենք ԱՄՆ վարչակազմին` մտահոգություն հայտնելով, որ Սահակաշվիլու ռեժիմը վաղ թե ուշ կդիմի արկածախնդրության: Մեզ հայտարարում էին, որ չի համարձակվի: Արդյունքը բոլորը տեսան: Իսկ ո՞վ դրա համար պատասխան կտա», - ասել է Իվանովը:



Նա հիշեցրել է, որ ժամանակին Սադամ Հուսեյնին կախել էին մի քանի տասնյակ քրդերի սպանության մեղադրանքով: «Իմիջիայլոց, Սադամ Հուսեյնին կախեցին այն բանի համար, որ նա բարբարոսական հանցագործություն էր կատարել` ոչնչացրել էր մի քանի տասնյակ քրդի... Զանգվածային ոչնչացման զենքի վարկածը, ցավոք, չհաստատվեց...Իսկ ո՞վ պատասխան կտա հարյուրավոր ռուսների մահվան համար (ռուս-վրացական հակամարտության ժամանակ)», - հայտարարել է Իվանովը: Նա առաջարկել է սեւ եւ սպիտակ ցուցակներ չկազմել եւ ոչ- մեկին «ժողովրդավարության չեմպիոն» չհռչակել, հաղորդում են ռուսական ԶԼՄ-ները:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---