6 հունիսի 2009 - 18:09 AMT
Իրավապաշտպան կազմակերպությունները համաներում հայտարարելու կոչ են արել Հայաստանի նախագահին
Հայաստանի Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին դիմել են հայտարարությամբ, որով կոչ են արել համաներման ենթարկել բոլոր քաղբանտարկյալներին եւ խղճի բանտարկյալներին:

Հաղորդագրության մեջ նշվում է, որ 2009թ. մայիսի 28-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը կոչ արեց քաղաքական ուժերին եւ նորաստեղծ հանրային խորհրդին, որպեսզի նրանք իրենց առաջարկությունները համաներման անհրաժեշտության ու պայմանների մասին ներկայացնեն նախագահական նստավայր։ Համաներումը պետք է վերաբերվի ընդդիմադիր գործիչներին, այդ թվում՝ երեք Ազգային ժողովի պատգամավորներին, ովքեր աջակցություն են ցուցաբերել ընդդիմությանը՝ բողոքելով 2008թ. նախագահական ընտրությունների արդյունքների դեմ։ Մի շարք ընդդիմադիրներ ձերբակալվել են եւ մեղադրվել տարբեր հանցագործությունների համար մարտի 1-ի իրադարձություններից հետո, երբ երկրի նախագահն արտակարգ իրադրություն հայտարարեց:

Հաղորդագրության մեջ նշվում են նաեւ ՀՀ նախագահի խոսքերն այն մասին, որ եթե արդյունքում պարզվի, որ իրոք հասարակության մեջ նման ցանկություն կա, ինքն անմիջապես կօգտվի իր Սահմանադրական իրավունքից եւ կդիմի Ազգային ժողով՝ որոշում ընդունելու համար:


Մարդու իրավունքների միջազգային ֆեդերացիան եւ Քաղաքացիական հասարակության ինստիտուտը բազմիցս կոչ են արել իշխանություններին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին, ներառյալ բոլոր նրանց, ովքեր ազատազրկման են ենթարկվել 2008թ. մարտի 1-2 իրադարձությունների կապակցությամբ, եւ ՀՀ խորհրդարանի երեք պատգամավորներին, ովքեր աջակցում են ընդդիմությանը, որը բողոքում է նախագահական ընտրությունների արդյունքների դեմ: