ԱՄՆ-ի նպատակն է երկխոսություն հաստատել Իրանի ժողովրդի ու կառավարության հետ

PanARMENIAN.Net - Հրաժարվելով անցյալի քաղաքականությունից, պետքարտուղարությունը թույլ է տվել արտերկրի դիվանագիտական իր ներկայացուցչություններին ԱՄՆ ազգային տոնի կապակցությամբ կազմակերպվող ընդունելություններին մասնակցելու հրավերներ հղել Իրանի կառավարությունը ներկայացնող պաշտոնյաներին: Վաշինգտոնը խզեց դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ այն բանից հետո, երբ 1979թ. իրանցի ուսանողներն շրջափակեցին Թեհրանի ամերիկյան դեսպանատունը եւ շուրջ 400 օր պատանդ էին պահում նրա աշխատակիցներին: Այդ մասին գրում է VOA News-ը:



Այսօր ԱՄՆ-ն ձգտում է անմիջական երկխոսություն հաստատել Իրանի կառավարության հետ հարցերի լայն շրջանակով, որոնց թվում է նաեւ Իրանի միջուկային ծրագիրը: Իրանի դիվանագիտական ներկայացուցիչներին հղված հրվերը` Անկախության օրվան նվիրված հանդիսություններին մասնակցելու վերաբերյալ, ըստ պետքարտուղարության մամլո քարտուղար Ռոբերտ Վուդի, հարկ է դիտարկել այն ջանքերի համատեքստում, որ գործադրում է ԱՄՆ-ն Իրանի հետ անմիջական կապեր հաստատելու նպատակով:



«Մեր քաղաքականության նպատակն է` երկխոսություն հաստատել Իրանի ժողովրդի ու կառավարության հետ: Նախագահ Օբաման եւ պետքարտուղար Քլինթոնը պարզորորշ հայտարարել են, որ մենք հենց դրան ենք ձգտում: Եվ, անկասկած, մեզ այլ հնարավորություններ եւս կընձեռվեն Իրանի հետ երկխոսություն սկսելու համար: Իրանական կողմից մենք պատասխան քայլեր ենք ակնկալում»,-ասել է Վուդը:



ԱԳՆ մամլո քարտուղարը հայտարարել է, որ ԱՄՆ-ն շահագրգռված է դրական պատասխան ստանալ Իրանի ղեկավարությունից` ի պատասխան Իրանի միջուկային ծրագրի շուրջ «5 գումարած 1» ձեւաչափով ընթացող բանակցությունների լիիրավ անդամ մնալու Վաշինգտոնի ցանկության: Խոսքը ՄԱԿ-ի ԱԽ-ի մշտական անդամների` Մեծ Բրիտանիայի, Չինաստանի, Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, ինչպես նաեւ Գերմանիայի մասին է:



Անկախության օրվա կապակցությամբ իրանցի դիվանագետներին հղած հրավերները եւս մեկ անգամ վկայում են, որ ԱՄՆ-ի քաղաքականությունն Իրանի հարցում փոխվել է: «Մենք ցանկանում ենք երկխոսություն սկսել Իրանի ժողովրդի, իսկ նրա միջոցով` նաեւ Իրանի կառավարության հետ, եւ այս դեպքում խոսքն այդ նպատակին հասնելու միջոցներից մեկի մասին է»,-ասել է Վուդը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---