8 հունիսի 2009 - 18:45 AMT
Ռուսաստանի ԴԿԴԾ-ը վաճառքի է հանելու «Վիմպելկոմի» բաժնետոմսերի փաթեթը
Ռուսաստանի Դատական կատարածուների դաշնային ծառայությունը (ԴԿԴԾ) մոտ ժամանակներս վաճառքի է հանելու «Վիմպելկոմ» ռուսական բջջային օպերատորի բաժնետոմսերի փաթեթը («Բիլայն» ապրանքանիշ), որը պատկանում է նորվեգական «Telenor»-ին: Այդ մասին հաղորդվում է ԴԿԴԾ մամլո հաղորդագրությունում: Աճուրդի են հանվելու «Վիմպելկոմի» 15,338 մլն սովորական բաժնետոմսեր, որը կազմում է օպերատորի արժեթղթերի 26,6 տոկոսը:

Համաձայն «Գործադիր արտադրության մասին» դաշնային օրենքի 89-րդ հոդվածի 5-րդ մասի, «Վիմպելկոմի» բաժնետոմսերը վաճառվելու են ՌԱՖԲ (Ռուսաստանի առաջատար ֆոնդային բորսա) աճուրդում իրենց միջին արժողությունից ոչ պակաս: 2009-ի հունիսի 5-ին «Վիմպելկոմի» բաժնետոմսերի միջին արժողությունը կազմել է մեկ հատի համար 263 դոլար:

2009-ի մարտի կեսերին դատարանը բռնագրավել է «Վիմպելկոմի» բաժնետոմսերի 26,6 տոկոսը, որը պատկանում էր Telenor-ին: Բռնագանձումն իրականացվել է որպես ապահովիչ միջոց Farimex ընկերության ռուսական օպերատորի մոնիտորինգային բաժնետերի հայտով, որին պատկանում է «Վիմպելկոմի» բաժնետոմսերի 0,002 տոկոսը: Ավելի վաղ դատարանը պարտավորեցրել է Telenor-ին վճարել 1,728 մլրդ դոլար հօգուտ բջջային կապի ռուսական օպերատորի:

Ինչպես հայտնել է PanARMENIAN.Net-ի թղթակցին «ԱրմենՏել» ընկերության մամլո ծառայությունը, «անհրաժեշտ է տարանջատել ընկերության օպերացիոնալ գործունեությունը եւ բաժնետերերի փոխհարաբերությունները: «Վիմպելկոմ» խմբի մեջ մտնող ընկերությունների օպերացիոնալ գործունեությունն իրականացվում է երկրիների ներկայության մակարդակով եւ այս տեսանկյունից տվյալ հանգամանքը ոչ մի կերպ չի անդրադառնալու «Հայաստանում ԱրմենՏելի» օպերացիոնալ գործունեության վրա»:

«Վիմպելկոմի» բաժնետերերի հակամարտությունը սկսվել է 2005-ին, երբ Farimex-ը մեղադրել է օպերատորի տնօրենների խորհրդի նորվեգական անդամներին «Ուկրաինական ռադիոհամակարգեր» բջջային ընկերությունը գնելու գործարքն արգելափակելու համար: Նորվեգիայի ներկայացուցիչները տնօրենների խորհրդում հանդես են եկել գործարքի դեմ, քանի որ Telenor-ն արդեն Ուկրաինայում ղեկավարել է «Կիեւսթար» ընկերությունը: Ռուսական եւ նորվեգական բաժնետերերի հակամարտության պատճառով «Վիմպելկոմի» մուտքն Ուկրաինայի կապի շուկա հետաձգվել է մեկ տարով:

«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) «Վիմպելկոմ» ընկերությունների խմբի դուստր ձեռնարկությունն է, որի մեջ մտնում են կապի օպերատորներ, որոնք իրականացնում են ձայնային կապի եւ առանց հաղորդալարերի եւ ֆիքսված կապի տեխնոլոգիաների լայն սպեկտրի հիման վրա տվյալների հաղորդման ծառայություններ, ինչպես նաեւ լայնարձակ Ինտերնետի հասանելիություն: «Վիմպելկոմ» խմբի մեջ մտնում են ընկերություններ, որոնք իրենց ծառայությունները մատուցում են Ռուսաստանում, Ղազախստանում, Ուկրաինայում, Տաջիկստանում, Ուզբեկստանում, Վրաստանում եւ Հայաստանում: