8 հունիսի 2009 - 21:32 AMT
Վրացական ազգայնամոլները դեմ են հայ-թուրքական սահմանի բացմանը
Ամերիկացիների մեծ աջակցությամբ եւ ավելի շատ սեփական մեծ ցանկությամբ Հայաստանը եւ Թուրքիան պայմանավորվել են բացել հայ-թուրքական սահմանը: Այդ մասին հայտարարել է Վրաստանի Ազգային ճակատի նախագահ Նոդար Նատաձեն:

«Այդ որոշումն առաջացրել է Ադրբեջանի կտրուկ ռեակցիան: Թուրքիայի այդ քայլն Ադրբեջանն ընդունել է որպես արյունակից եղբոր դավաճանություն: Դրանից հետո Թուրքիան վերստուգել է իր դիրքորոշումը եւ այժմ ասում է, որ սահմանը չի բացելու մինչեւ Լեռնային Ղարաբաղից հայկական զորքերի դուրս բերումը: Բայց Ռուսաստանի համար դա էլ է ձեռնտու: Առաջին հերթին, որովհետեւ սահմանը բացել ցանկանում են ամերիկացիները, ոչ թե Ռուսաստանը: Երկրորդ, դրանով նեղանում է կովկասյան ռազմավարական միջանցքն արեւմուտքի եւ արեւելքի միջեւ, եւ Հայաստանը նախկինի պես մնալու է Ռուսաստանի ուղեծրում: Երրորդ, դրանով աճում է Հայաստանի հետաքրքրությունը, որպեսզի տիրի Սեւ ծովի միջանցքին: Հայկական միջանցքի հայտնվելը շահավետ է Թուրքիայի համար, քանի որ դա թուլացնում է Հայաստանի ցանկությունը` ճանապարհ հարթել դեպի ծով եւ աշխարհ Թուրքիայի միջոցով»,- հաստատում է Նատաձեն, գրում է «Ախալի թաոբա» թերթը: