Արմեն Մինասյան. Հայաստան-Թուրքիա խաղի շեմին ձեռնարկվել են անվտանգության բոլոր միջոցները

PanARMENIAN.Net - 2011 թվականի Եվրոպայի երիտասարդական առաջնության ընտրական փուլի շրջանակներում Հայաստանի Մ 21 տարեկանների ընտրանին հունիսի 9-ին կմրցի Թուրքիայի իր հասակակիցների հետ: Առաջիկա հանդիպման առնչությամբ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի գործադիր տնօրեն Արեմն Մինասյանը պարզաբանել է նախապատրաստական աշխատանքների որոշ մանրամասներ:



«Առաջին հերթին, ցանկանում եմ նշել, որ գալիք հանդիպումը վերջին մեկ տարվա ընթացքում տարբեր հավաքականների մակարդակով 5-րդն է Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ: Մենք երեք անգամ Թուրքիայի տարբեր հավաքականներին ընդունել ենք մեր հայրենիքում, եւ, ըստ ստացված արձագանքի, բարձր մակարդակով ենք կազմակերպել եւ անցկացրել վերը նշված բոլոր հանդիպումները: Ինչ վերաբերում է այս խաղից առաջ տիրող մթնոլորտին, ապա ասեմ, որ, ի տարբերություն անցած հանդիպումների, այժմ լարվածությունը շատ ավելի քիչ է: Դա պայմանավորված է նրանով, որ մենք այս մակարդակի հանդիպումներ կազմակերպելու բավական փորձ ենք ձեռք բերել: Ամեն դեպքում, հավատացնում եմ, որ այս անգամ եւս ամեն ինչ շատ բարձր մակարդակով է կազմակերպվելու»,-ասել է Մինասյանը:



Մինասյանը նաեւ ընդգծել է, որ ձեռնարկվել են անվտանգության բոլոր անհրաժեշտ միջոցները, եւ պարզաբանել է, թե ինչու մուտքը մարզադաշտ ազատ չի լինի:





«Ըստ ՖԻՖԱ-ի եւ ՈՒԵՖԱ-ի կանոնակարգային պահանջների` միջազգային մրցելույթները չի թույլատրվում կազմակերպել առանց տոմսերի վաճառքի: Իհարկե, Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան միշտ առաջնորդվել եւ առաջնորդվում է հետեւյալ սկզբունքով. խաղը կազմակերպել հանդիսատեսի համար եւ ստեղծել լավագույն պայմաններ` աջակցելու մեր հավաքական թիմերին ամենատարբեր միջազգային մրցելույթներում, որը, ինչպես հայտնի է, հաջող ելույթի ամենամեծ գրավականներից մեկն է: Ամեն դեպքում, կցանկանամ նշել, որ միջազգային կառույցների կանոնակարգային պահանջների ոտնահարման պարագայում կիրառվում են խստագույն պատժամիջոցներ: Ավելորդ չեմ համարում նշել նաեւ, որ 2008 թվականի օգոստոսին կայացած Հայաստան Թուրքիա երիտասարդական հավաքականների խաղից հետո, երբ ՀՖՖ-ն այդ խաղի համար սահմանել էր ազատ մուտք, միջազգային ֆուտբոլային կառույցների կողմից մեզ ներկայացվեց բավական խիստ զգուշացում հետագայում պատժամիջոցներ կիրառելու նպատակով: Այդ է պատճառը, որ մենք այս խաղի համար կազմակերպել ենք տոմսերի վաճառք, սակայն ցանկանում եմ ավելացնել, որ մենք սահմանել ենք հնարավորինս մատչելի գներ` երկրպագուների մուտքը մարզադաշտ չխոչընդոտելու նպատակով:

Օգտվելով առիթից` ցանկանում եմ նշել միայն, որ հունիսի 9-ին ակնկալում եմ տեսնել «Հանրապետական» մարզադաշտը լեփ-լեցուն եւ վստահ եմ, որ երկրպագուների բուռն աջակցությունը կարող է նպաստել մեր թիմի հաջողությանը»,-ասել է Մինասյանը:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---