9 հունիսի 2009 - 15:10 AMT
ՀՀ Ֆինանսների նախարարությունն ու Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչները համատեղ սեմինար են անցկացրել
Այսօր, հունիսի 9-ին ՀՀ Ֆինանսների նախարարության եւ Եվրոպական հանձնաժողովի Բյուջետային դեպարտամենտի նախաձեռնությամբ անցկացվել է սեմինար «Պետական ներքին ֆինանսական հսկողությունը ԵՄ-ում եւ Հայաստանում» թեմայով:

Միջոցառմանը մասնակցել են ՀՀ պետական հատվածի բարձրաստիճան պաշտոնատար անձիք, ինչպես նաեւ Հայաստանում Եվրոպական հանձնաժողովի պատվիրակության ղեկավար, դեսպան պրն. դե Լուցենբերգերը:

Պետական ներքին ֆինանսական հսկողությունը (ՊՆՖՀ) ինտեգրված եւ գործառնական մոդել է, որը մշակվել է Եվրոպական հանձնաժողովի կողմից պետական հատվածում միջազգային չափանիշներին համապատասխան ներքին հսկողության համակարգեր ստեղծելու համար: Շատ եվրոպական երկրներ պետական հատվածում հսկողության արդիականացման գործում ՊՆՖՀ- կիրառում են որպես չափանիշ:

Եվրահանձնաժողովի պաշտոնյաները եւ հրավիրված փորձագետները ներկայացրել են ԵՄ անդամ երկրների պետական ներքին ֆինանսական հսկողության ոլորտում ունեցած փորձը, ինչպես նաեւ` առաջարկներ Հայաստանի ՊՆՖՀ համակարգի հետագա բարելավման վերաբերյալ:

Մեկնաբանելով ՊՆՖՀ համակարգի բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի կառավարության նախաձեռնությունը` Եվրոպական հանձնաժողովի ՊՆՖՀ վարչության ղեկավար Ռոբերտ Ջիելիսն ասաց. «Սա հասարակության իրազեկման գործում կարեւոր պայման է: Մենք խրախուսում եւ աջակցում ենք Հայաստանի կողմից պլանավորված բարեփոխումները: Վստահելի ֆինանսական կառավարումը պետք է լինի հարկատուների գումարներով կատարվող գործարքների հիմքը»:

Քննարկումների արդյուքում նաեւ պայմանավորվածություն է ձեռքբերվել այս բնագավառում ՀՀ կառավարության եւ Եվրոպական հանձնաժողովի հետագա համագործակցության վերաբերյալ: