9 հունիսի 2009 - 17:30 AMT
ԼՂՀ ԱԳՆ. Հանրապետությունը վարում է ինքնուրույն արտաքին քաղաքականություն
ԼՂՀ ԱԳՆ փոխնախարար Վարդան Բարսեղյանն ընդունել է ճանաչողական այցով Ստեփանակերտ ժամանած Մեծ Բրիտանիայի խորհրդարանի Լորդերի պալատի փոխխոսնակ Քերոլայն Քոքսի գլխավորած պատվիրակությունը:

Հյուրերի խնդրանքով Վարդան Բարսեղյանը ներկայացրել է ԼՂՀ արտաքին գերատեսչության ստեղծման պատմությունը եւ գործունեության ուղղությունները` կանգ առնելով նաեւ արտերկրում հանրապետության մշտական ներկայացուցիչների աշխատանքին:

Վարդան Բարսեղյանը նշել է, որ վարելով ինքնուրույն արտաքին քաղաքականություն եւ ձգտելով հասնել միջազգային ճանաչման, Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը նպատակ է հետապնդում բարի դրացիական եւ բարեկաման հարաբերությւոններ հաստատել իր միջազգային գործընկերների, երկրների, կազմակերպությունների եւ մասնավոր անձնանց հետ:

Իր հերթին բարոնուհի Քոքսը հայտնել է, որ ամեն այցի ժամանակ նա ձգտում է նոր մարդկանց բերել իր հետ` այդպիսով ընդարձակելով ԼՂՀ բարեկամների շրջանակը` այն հույսով, որ նրանք կդառնան Արցախի «դեսպանները» եւ կաջակցեն ղարաբաղյան հիմնահարցի կարգավորմանը:

Հանդիպման ավարտին հյուրերին հանձնվեցին ԼՂՀ ԱԳՆ կողմից պատրաստած «Ոճրագործություններ առանց պատժի» խտասկավառակներ, որոնք ներկայացնում են Արցախի ազգային ազատագրական շարժմանը ներկայիս փուլի տարիներին հայ խաղաղ բնակչության դեմ Ադրբեջանի ոճրագործությունները, հաղորդում է ԼՂՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: