9 հունիսի 2009 - 18:16 AMT
2009թ. լրանում է Վահան Քարտաշյանի մահվան 75 տարին
2009թ. հունիսի 11-ին լրանում է հայոց նորագույն պատմության քաղաքական մեծագույն դեմքերից մեկի` Վահան Քարտաշյանի մահվան 75-ամյա տարելիցը: Մարդ, որի անունն այսօր քչերին է հայտնի, սակայն որի նվիրումն հայրենատիրության գաղափարին եւ որի վաստակը հայոց պահանջատիրության գործում անգերազանցելի է առ այսօր: Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին մենք մեծապես պարտական ենք Միացյալ Նահանգների Սենատում հայության առ այսօր տարած մեծագույն, թերեւս միակ, հաղթանակի համար:

Վահան Քարտաշյանն այն մարդն է, որին հաջողվել է համախմբել ամերիկյան հանրային կարծիքն ու քաղաքական կամքն ընդդեմ ամերիկա-թուրքական 1924թ. օգոստոսի 6-ին Լոզանում կնքված պայմանագրի, ըստ այդմ անխաթար պահել, ավելին վերահաստատել, հայոց պահանջատիրության հիմքը հանդիսացող ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի իրավարար վճիռը:

Վահան Քարտաշյանը ծնվել է Կեսարիայում, 1883թ. դեկտեմբերի 1-ին: Տեղի հայկական, ֆրանսիական եւ ամերիկյան հաստատություններում սովորելուց հետո, նա 1902թ. տեղափոխվում է Միացյալ Նահանգներ, ուր 1904 -1908թթ. իրավագիտություն է ուսանում Եալի համալսարանում: Վահան Քարտաշյանը 1911-15թթ. եղել է ԱՄՆ-ում Օսմանյան կայսրության դեսպանության եւ Նյու-Յորքի թուրքական հյուպատոսության իրավախորհրդատուն: 1915թ. նա հրաժարական է ներկայացրել եւ ամբողջությամբ զինվորագրվել է իր տարաբախտ հայրենիքին օգնելու գործին: 1915-17թթ. եղել է Նյու-Յորքում տեղակայված Մամուլի հայկական գրասենյակի գործադիր տնօրենն ու թողարկվող հիմնական նյութերի հեղինակը: 1918թ. դեկտեմբերին հիմնել է Հայաստանի անկախության ամերիկյան հանձնախումբը, որի Ընդհանուր խորհրդում ընդգրկված էր ԱՄՆ-ի 72 ազդեցիկ քաղաքական գործիչ նախկին եւ գործող օրենսդիրներ, նախարարներ, դեսպաններ, դատավորներ, ռեկտորներ եւ 21 նահանգապետ: Կազմակերպությունը 13 նահանգում ունեցել է 23 մասնաճյուղ: Կազմակերպությունը մեծապես նպաստել է, որ, ի տարբերություն Վրաստանի եւ Ադրբեջանի առաջին հանրապետությունների ճանաչման մերժմանը, ԱՄՆ-ը 1920թ. ապրիլի 23-ին ճանաչի Հայաստանի Հանրապետության անկախությունը:

Սակայն, անտարակույս, Վահան Քարտաշյանի երկարամյա հայրենանվեր գործունեության մեծագույն նվաճումը ԱՄՆ-ի Սենատի կողմից 1927թ. հունվարի 18-ին թուրք-ամերիկյան երկկողմ պայմանագրի (կնքված Լոզանում 1923թ օգոստոսի 6-ին) մերժումն է:Այս քայլով Միացյալ Նահանգների Սենատը, վերահաստատելով ԱՄՆ-ի նախագահ Վուդրո Վիլսոնի հայ-թուրքական սահմանին վերաբերող իրավարար վճռի վավերականությունը (կատարված Վաշինգտոնում 1920թ. նոյեմբերի 22-ին) հետագա սերունդներին' այսինքն մեզ, հնարավորություն է տվել հայրենիքի համար մեր իրավունքների պայքարի զինանոցում ունենալ միջազգային իրավունքի վրա խարսխված անբեկանելի մի կռվան: