9 հունիսի 2009 - 19:19 AMT
Սերժ Սարգսյան. Հայաստանը բարձր է գնահատում ԱՄՆ հետ հարաբերությունների լավացումը
Հայաստանը չափազանց կարեւորում է Ամերիկայի Միացյալ Նահանգների հետ հարաբերությունների խորացումը եւ բարձր է գնահատում մեր երկրի տնտեսության զարգացման, ժողովրդավարության ամրապնդման, տարածաշրջանում կայունության ապահովման ուղղությամբ ԱՄՆ կառավարության գործադրած ջանքերը: Այդ մասին Եվրոպայի եւ Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը: Երկրի ղեկավարը շնորհավորել է Միացյալ Նահանգների վարչակազմի նորանշանակ պաշտոնյային եւ նշել, որ նրա այցը լավ առիթ է խոսելու հայ-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակի ու զարգացման հեռանկարի մասին: Ֆիլիպ Գորդոնը նշել է, որ երկրորդ շաբաթն է, ինչ ստանձնել է պաշտոնը, եւ իր առաջին արտասահմանյան ուղեւորությունը սկսում է Հայաստանից: Նա ասել է, որ ամերիկյան կողմը կարեւորում է Հայաստանի հետ համագործակցության ընդլայումը, ինչպես նաեւ մեծ ուշադրությամբ հետեւում է տարածաշրջանային զարգացումներին:

Կողմերը մտքեր են փոխանակել նաեւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորման վերաբերյալ: Հայաստանի նախագահը հակիրճ ներկայացրել է խնդրի պատմությունը եւ պաշտոնական Երեւանի դիրքորոշումը: Հանրապետության նախագահը մեկ անգամ եւս շեշտել է, որ մեր երկիրը հավատարիմ է հակամարտության խաղաղ կարգավորմանը եւ պատրաստ է մադրիդյան առաջարկությունների հիման վրա շարունակել բանակցել, հաղորդում է երկրի ղեկավարի մամլո ծառայությունը: