9 հունիսի 2009 - 19:30 AMT
Գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանը 70 տարեկան է
Մայիսին լրացել է հայ գրող-հրապարակախոս Ռուբեն Հովսեփյանի 70 տարին: Մեր ժամանակակցի հոբելյանը Հայաստանի Մշակույթի նախարարության նախաձեռնությամբ նշվելու է այսօր Հ.Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում:

Հոբելյանական երեկոյի հագեցած ծրագիրը, ամենայն հավանականությամբ, անակնկալ չի լինի Ռուբեն Հովսեփյանի համար, քանի որ ռեժիսորները սցենարը կազմում էին` ամեն ինչ համաձայնեցնելով հոբելյարի հետ:

Ռուբեն Հովսեփյանը ծնվել է 1939թ. մայիսի 5-ին Երեւանում: Մասնագիտությամբ երկրաբան է, աշխատել է Թուրքմենստանի երկրաբանական ուսումնասիրության արշավախմբում. դրա անդրադարձերը կարելի է տեսնել «Առաջին կինը» պատմվածքում: Նրա աշխատանքների թվում է Գաբրիել Գարսիա Մարկեսի «Հարյուր տարվա մենությունը» վեպի թարգմանությունը: Վերջերս նա ավարտեց մեծ լուսավորիչ Խաչատուր Աբովյանի մասին իր վեպը: Եղել է «Ավանգարդ» թերթի եւ «Սովետական գրականություն» ամսագրի բաժնի վարիչը, աշխատել է որպես «Գրական թերթի» թղթակից, «Սովետական գրող» հրատարակչության, «Նորք» ամսագրի գլխավոր խմբագիր, եղել է ՀՀ ԱԺ պատգամավոր: Համատեղել է ստեղծագործական գործունեությունն ու քարտուղարական պարտականությունները Հայաստանի Գրողների միությունում: