9 հունիսի 2009 - 19:33 AMT
ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին հատկացվելիք օգնության ծավալների որոշման վերաբերյալ լսումներ կկայանան
Բարակ Օբամայի վարչակազմը ծրագրում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին 30 միլիոն ԱՄՆ դոլարի չափով օգնություն տրամադրել: Դա 6 միլիոնով կամ 205-ով շատ է այն գումարից, որը Հայաստանին անցյալ առաջարկել էր ԱՄՆ նախկին վարչակազմը: Այդ մասին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է Եվրոպայի ու Եվրասիայի հարցերով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Գորդոնը: «ԱՄՆ Կոնգրեսում Հայաստանին հատկացվելիք օգնության ծավալների որոշման վերաբերյալ լսումներ կկայանան: Ինձ թվում է, որ այդ լսումներից հետո ֆինանսական օգնության ծավալներն աճելու են»,- նկատել է ամերիկյան դիվանագետը:

Հայաստանում ԱՄՆ դեսպան Մարի Յովանովիչն իր հերթին ընդգծել է, որ 2010թ. ֆինանսական տարվա բյուջեն դեռեւս հաստատված չէ, ուստի անհրաժեշտ է սպասել ԱՄՆ Կոնգրեսում լսումներին: «Կարող եմ միայն ասել, որ վարչակազմը որոշել է Ադրբեջանին մեծ ֆինանսական օգնություն տրամադրել` ելնելով Կասպիական ավազանում ԱՄՆ շահերից: Բացի դրանից ԱՄՆ եւ Ադրբեջանը շատ ոլորտներում մի շարք համատեղ ծրագրեր են իրականացնում»,- ընդգծել է Մարի Յովանովիչը:

ԱՄՆ վարչակազմը կրճատել է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրվող ֆինանսական օգնության ծավալը: Բյուջեի նախագծում խախտվել է նաեւ Հայաստանին եւ Ադրբեջանին ռազմական ֆինանսական օգնության տրամադրման հավասարությունը: Մասնավորապես, ԱՄՆ վարչակազմը 2010 ֆինանսական տարում առաջարկում է Հայաստանին տրամադրել 30 մլն դոլար: Դեռ ավելին, այս անգամ բյուջեում չի ընդգրկվել Լեռնային Ղարաբաղին մարդասիրական օգնության հատկացման կետը, այն դեպքում, երբ 2009 ֆինանսական տարում ԱՄՆ Կոնգրեսի որոշմամբ ԼՂՀ-ին հատկացվել էր 8 մլն դոլար մարդասիրական օգնություն:

Բացի այդ, վարչակազմն առաջարկում է 2010 ֆինանսական տարում Հայաստանին տրամադրել 3 մլն դոլար ռազմական օգնություն, Ադրբեջանին` 4 մլն դոլար: Ռազմական ուսուցման ծրագրի (IMET) շրջանակներում Հայաստանի համար նախատեսվում է 450 հազար դոլար, իսկ Ադրբեջանի համար` 900 հազար դոլար: