Հայկական երիտասարդական հավաքականը խոշոր պարտություն է կրել Թուրքիայի հավաքականից

PanARMENIAN.Net - Ավարտվեց Եվրոպա-2011 առաջնության նախընտրական փուլի ֆուտբոլային հանդիպումը Հայաստանի եւ Թուրքիայի երիտասարդական (մինչեւ 21 տարեկան) հավաքականների միջեւ: Հանդիպումը տեղի էր ունենում Երեւանում` Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում եւ ավարտվեց 2:5 հաշվով` հօգուտ հյուրերի:



Հանդիպման հաշիվը բացեցին թուրք ֆուտբոլիստները. 6-րդ րոպեին գոլ հարվածեց կիսապաշտպան Դենիզ Յըլմազը: Մինչեւ 20-րդ րոպեն հավասար պայքար էր ընթանում, բայց առաջին խաղակեսի երկրորդ մասում տարածքային առավելությունն անցավ թուրքերին , ինչն էլ նրանց թույլ տվեց կիսապաշտպան Այդին Յըլմազի ջանքերով առաջին խաղակեսի ավարտին կրկնապատկել սեփական առավելությունը:



Երկրորդ խաղակեսի հենց սկզբում` 48-րդ րոպեին մրցավարը դաշտից հեռացրեց հայկական հավաքականի պաշտպան Գագիկ Դաղբաշյանին` խախտում արձանագրելով տուգանային դաշտում. պենալտին վստահորեն իրացրեց պաշտպան Ֆերհաթ Բիքմազը` հաշիվը դարձնելով 3:0 հօգուտ Թուրքիայի հավաքականի: Իսկ 61-րդ րոպեին թուրք հարձակվող Մուստաֆա Փեքթեմեքը դարձավ չորրորդ գոլի հեղինակը:



Հայկական հավաքականին առաջին պատասխան գոլը հաջողվեց իրացնել 69-րդ րոպեին. կիսապաշտպան Հենրիկ Մխիթարյանի հարվածից հետո գնդակն ուղիղ թուրքերի դարպասը նետվեց: Բայց պատասխան հարվածը չուշացավ: Թուրքերի առաջին իսկ հարձակումը արդյունավետ եղավ. 70-րդ րոպեին Հայաստանի դարպասներին 5-րդ գնդակը հարվածեց Յըգիթ Գյոքօղլանը:



78-րդ րոպեին հավաքականների խաղացողների քանակը հավասարվեց. այս անգամ կարմիր քարտն ուղղվեց Թուրքիայի հավաքականի հարձակվող Օմեր Հասան Շիշմանօղլուին : Իսկ 81-րդ րոպեին հայկական հավաքականի կիսապաշտպան Արտակ Դաշյանը հարվածեց այդ հանդիպման վերջին գոլը:



Նշենք, որ Հայաստանի երիտասարդական հավաքականի մեկնարկային կազմում, ի հեճուկս բոլորս սպասումների, դաշտ դուրս եկավ բելգիական «Ստանդարդի» կիսապաշտպան Հրաչ Յագանը, որի մասնակցությունն այդ հանդիպմանը հայկական հավաքականի դանիացի մարզիչ Ֆլեմինգ Սերիցլեւը օրերս 50/50 էր գնահատում:



Այդպիսով, Հայաստանի երիտասարդական հավաքականը ձախողեց ԵԱ-2011 նախընտրական փուլի առաջին երկու հանդիպումները: Առաջին հանդիպմանը` հունիսի 5-ին, հայ ֆուտբոլիստները 1:2 հաշվով զիջեցին Շվեյցարիայի հավաքականին:
 Ուշագրավ
Ավելի վաղ Եվրոպայի առաջնության փոխչեմպիոն էր դարձել Բարեղամ Հարությունյանը
Ավելի վաղ եզրափակիչ էին դուրս եկել Արթուր Ավետիսյանն ու Վահագն Դավթյանը
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
---