10 հունիսի 2009 - 00:24 AMT
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը գտնում է, որ իշխանություններն ու ընդդիմությունը պետք է փոխադարձ պատասխանատվություն կրեն երկրի ապագայի համար
«ՀՀ ընտրական համարգն այնպիսին է, ինչպիսին են քաղաքական եւ տնտեսական համակարգերը», այսօր հայտարարել է ՀՀ օմբուդսմեն Արմեն Հարությունյանը` «Սիվիլիտաս» հիմնադրամի կազմակերպած ՀՀ-ում ընտրական իրավունքի հետ կապված իրավիճակի քննարկման ժամանակ:

Հարությունյանն անդրադարձել է իշխանությունների ու ընդդիմության փոխադարձ պատասխանատվության ու պարտավորությունների մասին: «Ազատ հասարակություններում մարդիկ պատասխանատու են եւ հաջողության, եւ անհաջողությունների համար: Հաղթողների, այս դեպքում ՀՀԿ-ի պատասխանատվությունն ավելի մեծ է: Ընդդիմությանը պետք չէ ճնշել, այն եւս պետք է ստանձնի պատասխանատվության մի մասը եւ աշխատի»,-հայտարարել է Հարությունյանը:

Օմբուդսմենը խորապես համոզված է, որ վերջերս հանրության մեջ վտանգավոր անտարբերություն է տիրում, ինչը իշխանությունների եւ ընդդիմության տեւական դիմակայության հետեւանք է: «Իսկ մենք տեսնում ենք ոչ այնքան պայքար հանուն ժողովրդավարության, որքան իշխանության համար»,-ասել է նա: