10 հունիսի 2009 - 11:56 AMT
Թուրքիայի էներգետիկայի նախարարը Nabucco-ն պարտադիր նախագիծ չի համարում
Թուրքիայի էներգետիկայի նախարար Թաներ Յիլդիզը, ելույթ ունենալով Ստամբուլում կայացած գազի վերաբերյալ երորրդ միջազգային սիմպոզիումի ժամանակ, հայտարարել է, որ «գազի մատակարարումները շատ կարեւոր են, սակայն պարտադիր չէ, որպեսզի այդ գազը փոխադրվի Nabucco գազատարով»: Նախարարը նաեւ նշել է երկնագույն վառելիքի գները եւ ընդգծել գազի մատակարարումների անվտանգության ապահովման կարեւորությունը:

Նրա խոսքերով, համաշխարհային տնտեսական ճգնաժամը լրջորեն անդրադարձել է միջազգային էներգետիկ հատվածի վրա: Հենց այդ պատճառով, Թաներ Յիլդիզը հայտարարել է, որ միջազգային ֆինանսական միջոցները հարկ է ներդնել ընդունելի նախագծերում, ավելացնելով, որ Nabucco գազատարի շուրջ բանակցությունները շարունակվում են: «Թուրքիան շարունակում է ջանքերը Nabucco գազատարով կամ այլ նախագծով գազի փոխադրման անվտանգության ապահովման ուղղությամբ: Մեզ համար էներգետիկ անվտանգությունը կարեւոր է այնքան, որքան Եվրոպայի համար», - ընդգծել է թուրք նախարարը, հաղորդում է World Bulletin-ը:

Nabucco-ն նախագծվող մայրուղային 3,3 հազար կմ երկարությամբ գազատար է` Կենտրոնական Ասիայից Եվրամիության երկրներ: Նախագծային հզորությունը` տարեկան 26-32 մլրդ խորանարդ մետր: Շինարարությունը նախատեսվում է ավարտել մինչեւ 2014 թվականը: Նախագծի ենթադրվող արժեքը` 7,9 մլրդ եվրո է: