10 հունիսի 2009 - 16:01 AMT
Իրանը պետք է փոխլրացման արտաքին քաղաքականություն վարի
Իրանի նախագահության թեկնածու Մոհսեն Ռեզաիի հայտարարությունը ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ նախագահական ընտրությունների շեմին որոշակի շահ ստանալու նպատակ է հետապնդում եւ ուղղված է ընտրազանգվածին: Այդ մասին PanARMENIAN.Net-ի թղթակցին է հայտարարել Թադեւոս Չարչյանը:
«Որպես տարածաշրջանի առաջատար երկիր Իրանը պետք է փոխլրացման արտաքին քաղաքականություն վարի քրիստոնեական Հայաստանի ու մահմեդական Ադրբեջանի հանդեպ: ինչպես Մոհամմադ Հաթամիի կառավարման տարիներին, այնպես էլ ներկայիս նախագահ Ահմադինեժադի օրոք մենք լսել ենք պաշտոնական Թեհրանի հայտարարությունները ղարաբաղյան հակամարտության մասին, որոնք հիմնական հավասարակշռված բնույթ են կրել ու կոչ են արել կողմերին խաղաղ ճանապարհով լուծել հակամարտությունը»,-ասել է պարսկագետը: Ելնելով դրանից, Թ.Չարչյանն առանձնապես չի կարեւորում Ռեզաիի հայտարարությունը: «Անկախ նրանից, թե ով կդառնա Իրանի նախագահ, Ղարաբաղի հարցում լուրջ փոփոխություններ Թեհրանի դիրքորոշման մեջ չեն լինի: Իրանը կշարունակի սատարել խաղաղ գործընթացին եւ հանդես գալ խաղաղասեր նպատակներով»,-ասել է նա:
Իրանի նախագահության թեկնածու Մոհսեն Ռեզաին հայտարարել է, որ Իրանի ակտիվ արտաքին քաղաքականությունը կարող է զգալի առաջընթաց երաշխավորել ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում: «Պետք է ամրապնդվի Իրանի արտաքին քաղաքականությունը: Հակառակ դեպքում, ծանր կլինի հետագայում հանգուցալուծել տարածաշրջանային խնդիրները»,-ասել է Ռեզաին: Նրա խոսքերով, Իրանի ազդեցության պատմական ոլորտը թույլ կտա նրան հանգուցալուծել ղարաբաղյան հակամարտությունը: