10 հունիսի 2009 - 17:11 AMT
Հայաստանում Իտալիայի դեսպանն ավարտում է իր դիվանագիտական առաքելությունը Հայաստանում
Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 10-ին Երեւանում հանդիպել է Հայաստանում Իտալիայի դեսպան Մասսիմո Լավեցո Կասինելլիի հետ, որն ավարտում է դիվանագիտական առաքելությունը հանրապետությունում: Հանդիպմանը հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել դեսպան Կասինելիին` հայ-իտալական հարաբերությունների ամրապնդման գործում ներդրած ջանքերի համար: Կողմերն ընդգծել են երկու երկրների դինամիկ զարգացող փոխգործակցությունը, ակտիվ քաղաքական երկխոսությունը, մշակույթի ոլորտում արդյունավետ գործակցությունը: Նախագահ Սարգսյանը գոհունակությամբ նշել է, որ առեւտրային փոխանակումներին զուգահեռ տարեցտարի Հայաստանի տնտեսության մեջ ավելանում է իտալական կապիտալը: Երկկողմ տնտեսական համագործակցության առաջամարտիկ «Ռենկո» ընկերությունը Հայաստան է բերել շինարարության ոլորտում աշխատանքի բոլորովին նոր մշակույթ: Դեսպան Լավեցո Կասինելին ասել է, որ իտալական կապիտալը Հայաստանում իրեն հարմարավետ է զգում. ներդրումների վերաբերյալ բաց եւ լիբերալ օրենսդրությունը մեծ առավելություն է ներդրողների համար: Իտալացի դիվանագետը նաեւ նշել է, որ մշտապես կմնա Հայաստանի լավ բարեկամը: