10 հունիսի 2009 - 19:27 AMT
ԱրմենԹելն ընդլայնում է մարզերում վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցը
Այսօր կայացավ «ԱրմենԹելի» (ապրանքանիշը` Beeline) վաճառքի եւ սպասարկման գրասենյակի պաշտոնական բացումը Աբովյան քաղաքում: Բացելով գրասենյակը` «ԱրմենԹելի» գլխավոր տնօրեն Իգոր Կլիմկոն նշեց, որ սպասարկման որակի բարձրացման ծրագրի շրջանակներում օրերս Beeline-ի նոր գրասենյակներ են բացվել Հայաստանի մի շարք քաղաքներում, այդ թվում` Եղվարդում, Նոր Հաճնում, Սեւանում, Ջերմուկում, իսկ մինչեւ հունիսի վերջ գրասենյակներ կբացվեն Երեւանում, Վարդենիսում եւ Ծաղկաձորում:

«Վաճառքի եւ սպասարկման գրասենյակների ցանցի ընդլայնումը ծառայությունների բարձր որակի ապահովման կարեւորագույն պայմաններից մեկն է: Կցանկանայի, որպեսզի մեր նոր գրասենյակներում հաճախորդները նորովի սպասարկվեին` ժպիտով եւ հոգածությամբ: Այժմ քաղաքի բնակիչները կարող են որակավորված օգնություն եւ խորհրդատվություններ ստանալ` դուրս չգալով մարզկենտրոնից»,- ասել է Կլիմկոն:

Ներկայումս Հայաստանում գործում են Beeline վաճառքի եւ սպասարկման մոտ վաթսուն գրասենյակներ: