11 հունիսի 2009 - 00:22 AMT
Անկախ արդարադատությունն ու ազատամտության մթնոլորտը վստահություն կառաջացնեն Հայաստանի իշխանությունների հանդեպ
«Մեր հասարակությունում կարծիք է ձեւավորվել, որ համաներման համար ժամանակը հասունացել է, եւ այդ քայլով կարելի է վերջակետ դնել 2008թ. մարտի 1-ի հետ կապված իրադարձություններում: Ես խորապես համոզված եմ, որ դա սխալ կարծիք է, քանի որ իրականում համաներումը պետք է սկիզբ դնի անմեղ մարդկանց ազատ արձակելուն, երկրում անկախ արդարադատությունն ու ազատամտության մթնոլորտի ձեւավորմանը»,-ասել է «Ժառանգություն» խորհրդարանական խմբակցության քարտուղար Լարիսա Ալավերդյանը այսօրվա մամլո ասուլիսի ժամանակ:

Նա նաեւ նշել է, որ եթե երկրի ներսում գործեն անկախ արդարադատությունն ու ազատամտություն տիրի, դա վստահություն կառաջացնի Հայաստանի իշխանությունների հանդեպ: «Հետեւաբար, իշխանությունները կկարողանան առավել վստահ որոշակի քայլեր ձեռնարկել ինչպես ներքին, այնպես էլ արտաքին քաղաքականության ասպարեզում, որոնք ուղղված կլինեն երկրի բարգավաճմանը»,-ասել է Լ.Ալավերդյանը: