11 հունիսի 2009 - 18:43 AMT
Հայաստանի ԱՕԿ նախագահը պարգեւատրել է ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին
Այսօր Հայաստանի Ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ եւ «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը պարգեւատրել է ազատ եւ հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնության մրցանակակիրներին:

Դրամական պարգեւատրում է ստացել հունահռոմեական ոճի ըմբշամարտի հավաքականի գլխավոր մարզիչ, չեմպիոն Լեւոն Ջուլֆալակյանը, նրա որդին` հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Ջուլֆալակյանը, ազատ ոճի ըմբշամարտի հավաքականի մարզիչ Արայիկ Բաղդատյանը եւ Եվրոպայի առաջնության բրոնզե մրցանակակիր Ժիրայր Հովհաննիսյանը (66 կգ ք/կ) եւ Էդգար Ենոքյանը (96 կգ ք/կ): Առանց մրցանակների չեն մնացել հավաքականի մարզիչները եւ բժիշկները:

Ըմբշամարտիկներից բացի խրախուսվել է մայիսի 27-31-ը Շվեդիայում տեղի ունեցած թեկվանդոյի աշխարհի պատանեկան առաջնության բրոնզե մրցանակակիր Վարագ Աղաջանյանը:

Հայաստանի ԱՕԿ նախագահը եւս մեկ անգամ շնորհավորել է բոլոր մարզիկներին եւ շնորհակալություն հայտնել Հայաստանի սպորտի զարգացման մեջ ունեցած ավանդի համար:

«Ես միշտ պատրաստ եմ օգնել մեր մարզիկներին հաջողության ճանապարհին: Հուսով եմ, որ նրանք շարունակելու են ուրախացնել մեզ համաշխարհային ասպարեզում փայլուն ելույթներով: Օրերս ես պարգեւատրել եմ ծանր ատլետիկայի Եվրոպայի չեմպիոն Առաքել Միրզոյանին եւ նրա անձնական մարզիչ եւ հայր Օգսեն Միրզոյանին: Այսօր նման խրախուսանքի են արժանացել կրկին հայր եւ որդի` Լեւոն եւ Արսեն Ջուլֆալակյանները: Հուսով եմ, որ մեր մարզիկները կանգ չեն առնի եւ նրանց հաջորդ ձեռքբերումը կլինելի աշխարհի չեմպիոնի տիտղոսը»,- ասել է Ծառուկյանը:

Արսեն Ջուլֆալակյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել ՀՕԿ նախագահին, նշելով, որ նման ուշադրությունը մարզիկների համար խթան կդառնա, որը միջազգային ասպարեզում հաջողության հասնելու գրավականներից է: