Թուրքիայի հայերը ապրում են վախի եւ անվստահության մթնոլորտում

PanARMENIAN.Net - Թուրքիայի հայկական համայնքը բախվում է բազմաթիվ խնդիրների հետ, որոնք շուտափույթ լուծման կարիք ունեն: Այդ մասին հունիսի 11-ին Երեւանում կայացած մամլո ասուլիսին հայտնել է «Նորավանք» գիտահետազոտական կենտրոնի փորձագետ, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը: «30 տարվա ընթացքում Թուրքիայում փակվել է հայկական դպրոցների կեսից ավելին, որտեղ հայոց լեզվի դասավանդողների պակաս կա: Բացի դրանից, Հայ Առաքելական Եկեղեցու (ՀԱԵ) Կոստանդնուպոլսյան պատրիարք, արքեպիսկոպոս Մեսրոպ Մութաֆյանի վատ ինքնազգացողությունը նույնպես խնդիրներ է առաջացնում հայկական համայնքի համար: Նոր պատրիարքի նշանակումը շատ կարեւոր է համայնքի համար»,- նշել է հայ փորձագետը` ավելացնելով, որ արդեն թեկնածուներ կան հայկական համայնքի հոգեւոր առաջնորդի պաշտոնի համար:



Խոսելով հայ-թուրքական հարաբերություններում վերջին զարգացումների վերաբերյալ Թուրքիայի հայկական համայնքի դիրքորոշման մասին` Ռուբեն Մելքոնյանը ընդգծել է, որ Թուրքիայի հայերը հայ-թուրքական հարաբերությունների ջերմացմանը զգուշությամբ են վերաբերվում, բայց միեւնույն ժամանակ լավատեսությամբ: «Գոյություն ունի եւս մեկ խնդիր, որը կայանում է հետեւյալում. Թուրքիայի հայերն իրենց առաջին հերթին գիտակցում են որպես Թուրքիայի քաղաքացի, եւ միայն հետո` հայ: Նրանք պարտավոր են ամեն օր ապացուցել, որ իրենք այդ երկրի օրինապահ քաղաքացիներն են: Բացի այդ, նրանք ապրում են վախի եւ անվստահության մթնոլորտում, եւ նրանց կարելի է հասկանալ»,- հայտնել է թուրքագետը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---