12 հունիսի 2009 - 21:55 AMT
Փարիզին փոխանցվել է Բաքվի բողոքը ֆրանսիական պատգամավորի` ԼՂՀ կատարած այցի հետ կապված
Փարիզում խորհրդակցություններ են տեղի ունենում Ադրբեջանի եւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարների միջեւ: Խորհրդակցություններին ադրբեջանական կողմից մասնակցող ԱԳՆ կառավարման ղեկավար Ռահման Մուսթաֆաեւը մի շարք հանդիպումներ է անցկացրել, որոնք հիմնականում նվիրված են եղել Ֆրանսիայի Ազգային վեհաժողովի անդամ Ֆրանսուա Ռոշբուայի` ԼՂՀ կատարած այցի եւ Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ նրա կատարած հայտարարությունների պատճառով ստեղծված իրավիճակին:

Ինչպես հայտնել է ԱՊԱ-ին ԱԳՆ մամլո քարտուղար Էլհան Պոլուխովը, Մուսթաֆաեւը հանդիպում է ունեցել Ֆրանսիայի ԱԳՆ Աշխարհամասային Եվրոպայի կառավարման ղեկավար Ռոլան Գալարագի հետ եւ նրան է փոխանցել ադրբեջանական կողմի բողոքն այդ այցի դեմ: Ռոլան Գալարագը հավաստիացրել է ադրբեջանական կողմին, որ այդ այցը չի արտացոլում ֆրանսիական պետության դիրքորոշումը. «Գալարագը հայտարարել է, որ ֆրանսիական պետության դիրքորոշումը միանշանակ է` Ֆրանսիան ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Ադրբեջանական դիվանագետը բարձրացրել է այս հարցը նաեւ Ֆրանսիայի ԱԳՆ ղեկավարի օգնական Իզաբել Դյումոնի հետ հանդիպման ժամանակ: Փարիզին փոխանցվել է Բաքվի բողոքը ֆրանսիական պատգամավորի` ԼՂՀ կատարած այցի հետ կապված: