1 դեկտեմբերի 2025 - 13:19 AMT
«Ակտիվ քաղաքացի» հարթակի գնահատականները կազդեն վարչական շրջանների ֆինանսական հոսքերի վրա

Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը գործակարգավարական խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ «Ակտիվ քաղաքացի» հարթակի միջոցով ստացվող քաղաքացիների արձագանքները կարող են ազդել վարչական շրջանների ղեկավարների ֆինանսական հոսքերի վրա։

Քննարկվել է նաև մայրաքաղաքում թեքահարթակների կառուցման գործընթացը, հայտնում է Aravot.am-ը։

«Չի կարող հատվածական մեկ-երկու տեղ թեքահարթակ լինել, պետք են ամբողջական լուծումներ»,–ասել է Ավինյանը։

Նա հավելել է, որ որոշ վայրերում թեքահարթակների տեսակների ընտրությունը չի համապատասխանել անհրաժեշտ չափորոշիչներին։

«Ակտիվ քաղաքացի» հարթակը ազդելու է ձեր ֆինանսական հոսքերի վրա, որքան քաղաքացիները գոհ լինեն ձեր կատարած աշխատանքից, ձեր կատարողականը համարվելու է ավելի որակով արված, եւ հետեւապես մոտիվացիա է ստեղծվելու դրա համար»,–ասել է քաղաքապետը։

Նա այս դիտարկումն ուղղել է վարչական շրջանների ղեկավարներին՝ շեշտելով քաղաքացիների արձագանքների կարևորությունը:

Ըստ պաշտոնական տվյալների՝ 2025 թվականին «Ակտիվ քաղաքացի» հարթակում գրանցվել է 44,401 հայտ, որոնցից 25,156-ը ներկայացվել է հենց հարթակի միջոցով։