
Գերմանիայի կանցլեր Ֆրիդրիխ Մերցը Բեռլինում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսում, պատասխանելով այն հարցին, թե որքանով կարող է Գերմանիան ուղիղ մասնակցություն ունենալ հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացում, ասել է, որ հայ-ադրբեջանական խաղաղության համաձայնագիրը համագործակցության լայն դաշտ է բացում նաև ԵՄ–ի համար։
Նա հավելել է, որ Գերմանիան ուշադիր հետևում է տեղի ունեցող զարգացումներին, հայտնում է Արմենպրեսը։
«Համաձայն ենք այն հարցում, որ մեծ շանս կա Հայաստանի և Ադրբեջանի համար։ Դա համատեղ դիվանագիտական և այլ ջանքեր ու փոխադարձաբար մյուսների շահերը հաշվի առնել է պահանջում։ Կարող ենք համատեղ առաջ տանել խաղաղության գործընթացը։ Կարծում եմ՝ այս օրինակը կարող է ընդօրինակվել աշխարհի այլ տարածաշրջաններում ևս։ Այսպիսով, կարծում եմ, բացվել է ճանապարհը դեպի Եվրոպա, և շատ տարբեր ձևերով կարելի է համագործակցությունը խորացնել»,-ասել է Մերցը։
Նրա գնահատմամբ՝ նշված ուղղությամբ արդեն ձեռնարկվել են առաջին քայլերը, և հետագայում կհաջորդեն նոր նախաձեռնություններ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն իր հերթին հավելել է, որ Հայաստանը երկար ժամանակ Ադրբեջանի հետ երկխոսությունն իրականացրել է երկկողմ ձևաչափով։
«Բայց այս ընթացքում նաև Գերմանիան, ԵՄ-ն աջակցություն են ցուցաբերել խաղաղության գործընթացին։ Եվ այդ աջակցությունն արտահայտվել է կոնկրետ գործողություններով»,-ասել է վարչապետը։
Փաշինյանը նշել է, որ վերջին շրջանում տեղի ունեցած մի շարք կարևոր զարգացումներ ու ընդունված որոշումներ նպաստել են նաև Հայաստանի կողմից խաղաղության օրակարգի ակտիվ առաջմղմանը։ Այս համատեքստում նա հատուկ կարևորել է ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայումը Հայաստանի և Ադրբեջանի սահմանի երկայնքով։ Այդ նախաձեռնությունն, ըստ վարչապետի, էականորեն նպաստել է խաղաղության գործընթացի խորացմանը և Հայաստանին թույլ է տվել ավելի վստահ առաջ շարժվել խաղաղության հաստատման ուղղությամբ։
Վարչապետը նաև ասել է, որ «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) լայնածավալ նախագիծն, որը միաժամանակ նախատեսում է հաղորդակցության բացում Հայաստանի և Թուրքիայի միջև, ստացել է ամբողջական ներուժ դառնալու Միջին միջանցքի առանցքային հատվածներից մեկը՝ հնարավորություն ընձեռելով կապ ապահովել Եվրոպայի, Հարավային Կովկասի և Կենտրոնական Ասիայի միջև՝ առանց խոչընդոտների։
«Փաստացի իրականացմանն ու շինարարությանը մենք կանցնենք արդեն հաջորդ տարի։ Այս նախագիծը, որը լիովին համապատասխանում է մեր կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությանը, տարածաշրջանում ստեղծելու է լրացուցիչ փոխկապակցվածություն և փոխկախվածություն՝ դառնալով խաղաղության հասնելու ևս մեկ կարևոր գործոն»,- մանրամասնել է վարչապետ Փաշինյանը:
Վարչապետը հիշեցրել է նաև, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում՝ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի մասնակցությամբ, Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են համատեղ հռչակագիր։
«Մենք պարտավորվել ենք ճանապարհ հարթել՝ մեր երկու երկրների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության որևէ փորձ՝ այժմ կամ ապագայում։ Խաղաղության հաստատման և Հայաստանի Հանրապետության ու Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների վերաբերյալ համաձայնագրի նախաստորագրված տեքստը հաստատվել է Վաշինգտոնում՝ Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի ներկայությամբ, ինչպես նաև նախագահ Թրամփի մասնակցությամբ։ Վաշինգտոնում ձեռք բերված առանցքային ձեռքբերումներից մեկն էր հաղորդակցության բացման վերաբերյալ համաձայնագիրը՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ներպետական, երկկողմ և միջազգային փոխադրումների համար՝ պետությունների ինքնիշխանության, տարածքային ամբողջականության և իրավասության հարգման հիման վրա»,- ասել է Փաշինյանը։
Փաշինյանը հավելել է, որ TRIPP ծրագրի իրագործման սկզբնական պայմաններն այս պահին քննարկվում են ԱՄՆ-ի հետ, և այն ենթադրում է Հայաստանում հայ-ամերիկյան համատեղ ընկերության ստեղծում, որն իրավասու կլինի կառուցելու անհրաժեշտ ենթակառուցվածքները՝ ներառյալ երկաթուղիներ, ավտոմայրուղիներ, նավթամուղեր, գազատարեր և օպտիկամանրաթելային կապի համակարգեր։
Գերմանիայի կանցլերը հավելել է, որ Գերմանիան դրականորեն է գնահատել Հայաստանի մտադրությունը՝ խորացնել հարաբերությունները Եվրոպական միության հետ։
«Մենք գիտենք նաև այն, որ Եվրամիության անդամ դառնալու համար շատ նախադրյալներ, չափանիշներ պետք է բավարարվեն: Արդյոք դա լինելու է ասոցացման պայմանագրով, թե՝ ոչ, արդեն պետք է որոշի տվյալ երկիրը: Մենք ցանկանում ենք քայլ առ քայլ ինտենսիվացնել մեր հարաբերությունները Հայաստանի հետ, և մեր համատեղ ընդունած հռչակագրի մեջ էլ դա ասվել է գրավոր: Դա ճիշտ ուղղությամբ ընթացող ճանապարհն է և պատմական շանս է Հայաստանի համար»,- նշել է Գերմանիայի կանցլերը։
Փաշինյանը Գերմանիայում է պաշտոնական այցով։ Նա հանդիպումներ է ունեցել ԳԴՀ նախագահ Ֆրանկ-Վալտեր Շտայնմայերի և ԳԴՀ Դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի հետ: Դեկտեմբերի 10-ին Նիկոլ Փաշինյանը կմեկնի Համբուրգ, որտեղ ևս նախատեսված են տարբեր հանդիպումներ: