12 դեկտեմբերի 2025 - 17:29 AMT
Պոլիկլինիկայի բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը հայտարարել է, որ պոլիկլինիկաների բուժաշխատողների աշխատավարձերը կվերանայվեն, քանի որ նրանք 2026 թ. հունվարի 1–ից սպասարկելու են նաև ապահովագրական համակարգի հաճախորդներին։ Նա այդ մասին ասել է Ազգային ժողովի առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստում՝ պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմենուհի Կյուրեղյանի հարցին։

Նա տեղեկացրել է, որ բուժառուների հոսքի ավելացմամբ առաջնային օղակի թե՛ թերապևտների, թե՛ նեղ մասնագետների աշխատավարձերը կբարձրանան, հայտնում է Sputnik Արմենիան։

«Առաջնային օղակում նաև ծառայության վճարներ են ստանալու, այսինքն՝ կոնկրետ դեպքի սպասարկում։ Ի՞նչ է դա նշանակում։ Ապահովագրական համակարգի հաճախորդների հոսքի մի մասը բնակչության մեկ շնչի հաշվով է վճարվելու։ Դրան զուգահեռ վճարվելու է նաև կոնկրետ ծառայությունների դիմաց։ Որքան բուժաշխատողը շատ սպասարկի, այնքան շատ հասույթ կունենա, իսկ աշխատավարձի վերանայման հնարավորությունները շատ մեծանում են։ Այո՛, աշխատավարձերի վերանայում, սպասվում է»,– ընդգծել է նախարարը։

Նրա խոսքով՝ պոլիկլինիկաների կառավարիչներն ազատ կլինեն որոշելու, թե ապահովագրական վճարների որ մասն է փոխանցվելու կոնկրետ մասնագետներին։ Օրինակ՝ եթե սոնոգրաֆիայի դիմաց սահմանված է 5000 դրամ, ապա այդ գումարից կառաջարկվի բաժանել որոշակի տոկոս բուժաշխատողի և բուժհաստատության միջև։

Ինչ վերաբերում է քաղաքացիների պարտադիր ապահովագրությանը չմասնակցելու հետևանքներին՝ Ավանեսյանը նշել է, որ 2026 թվականը լինելու է համակարգի ներդրման մեկնարկային փուլը, ուստի ապահովագրավճար չվճարելու դեպքում որևէ տույժ կամ տուգանք չի կիրառվի։ Այդ դեպքում քաղաքացիների ապահովագրական փաթեթները պարզապես կսառեցվեն մինչև համապատասխան վճարումների իրականացումը։

Նախարարը նաև հստակեցրել է վճարումների կարգը։

«Օրենքն ուժի մեջ կմտնի այն ստորագրելու հաջորդ օրվանից, այսինքն՝ դեկտեմբերից, ապահովագրավճարների վճարման առաջին ամիսը կլինի հունվարը։ Այսինքն՝ քաղաքացին մինչև հունվարի 20-ը կարող է կատարել վճարում, որը կլինի դեկտեմբեր ամսվա հաշվարկի հիման վրա։ Այսինքն՝ 300 դրամ պահումները կլինեն դեկտեմբեր ամսվա աշխատավարձից։ Ապահովագրական փաթեթները կակտիվանան հունվարի 1-ից»,– նշել է Ավանեսյանը։

Բացի այդ, նա անդրադարձել է ընդդիմության կողմից ներկայացված առաջարկներին՝ կապված մինչև 23 տարեկան միակողմանի ծնողազուրկ ուսանողների, ինչպես նաև 63–65 տարեկան անձանց՝ անվճար ապահովագրության ներառման վերաբերյալ։ Նախարարը հիշեցրել է, որ 2024 թվականի բյուջեն արդեն հաստատված է և տվյալ պահին նման առաջարկները ներառել հնարավոր չէ։ Սակայն դրանք կդիտարկվեն 2027 թվականի բյուջեի կազմում։

Առողջության համընդհանուր պարտադիր ապահովագրության համակարգի լրամշակված տարբերակը հանձնաժողովում ստացել է դրական եզրակացություն և ներառվել է ԱԺ լիագումար նիստերի օրակարգում։ Արտահերթ նիստի ընթացքում որևէ պատգամավոր դեմ չի քվեարկել, միայն Արմենուհի Կյուրեղյանը եղել է ձեռնպահ։

Ըստ ծրագրի՝ պարտադիր ապահովագրական գործընթացը կսկսվի 2026-ին և կավարտվի 2028 թվականին։ Առաջին փուլում համակարգում ընդգրկվելու են 200 հազար դրամ և բարձր աշխատավարձ ստացող անձինք։ 129 600 դրամ արժողությամբ ապահովագրական փաթեթը ներառելու է կանխարգելիչ և վաղ հայտնաբերման ծառայություններ, հիվանդանոցային բուժում, դեղորայք, շտապօգնության ծառայություններ։

ԱԺ-ն առողջության ապահովագրությանը վերաբերող օրենքը առաջին ընթերցմամբ ընդունել էր դեկտեմբերի 4-ին։