«Գոհար» երաժշտախումբը ելույթ կունենա պատմական Ալլեպո ամրոցում

PanARMENIAN.Net - «Գոհար» երաժշտախումբը բոլոր ժամանակների հայկական սիրված երգերով հուլիսի 9-ին ելույթ է ունենալու Դամասկոսի օպերայի թատրոնում, իսկ հուլիսի տասնվեցին եւ տասնյոթին Հալեպի պատմական բերդի ամֆիթատրոնում: «Գոհար»-ի կազմի մեջ մտնում են 150 կատարողներ եւ երաժիշտներ, ինչպես նաեւ 15 մենակատարներ եւ 12 պարուհիներ: «Գոհար»-ը Հայաստանի միակ կոլեկտիվն է, որ վերջին տարիներին` չնայած անդամների մեծությանը հանդես է եկել տարբեր երկրներում` Լիբանանում, Կիպրոսում, Ռուսաստանում, Թուրքիայում, Միացյալ Նահանգներում եւ Կանադայում:



«Գոհար»-ի կատարումներով DVD-ները, որոնք պարունակում են հայերեն ու լատինատառ հայերեն լուսագրեր, Սփյուռքում,ավելի շատ, բաժանվում են հայկական գաղթօջախների դպրոցներին, քան հանվում են վաճառքի: Կարելի է ասել, որ այն սփյուռքահայերի համար, ովքեր մոռացել են հայերեն տառերն ու երգերը, «Գոհար»-ի DVD-ները ծառայում են իբրեւ յուրօրինակ երաժշտական այբբենարան:



Հայ երաժշտական գանձարանի գոհարները` «Գոհար» սիմֆոնիկ նվագախմբի ու երգչախմբի կատարմամբ շողում են անաղարտ փայլով: «Գոհար»-ը ազգային արժեքների մաքրությունը պղտորող նորաձեւությունների չի հետեւում եւ իր ինքնատիպ ճաշակն է առաջ մղում: Բեմում հայ երգի սիրված, բայց մոռացումի գերությանը ենթակա գեղեցիկ նմուշների կատարումը սիմֆոնիկ նվագախմբի , ազգային նվագարանների հնչյունների ուղեկցությամբ, պարային անկրկնելի բեմադրություններով ու նորագույն հնարքներով թվում է խորհուրդներով լի կախարդական ծես: «Գոհար»-ի համերգների ժամանակ վերանում են բաժանարար գծերն, իրար են խառնվում բեմի երգն ու դահլիճի պարը եւ պարում է ամբողջ դահլիճը` ձեռք ձեռքի տված ու մի ամբողջություն դարձած:
 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---