16 դեկտեմբերի 2025 - 15:27 AMT
Նախագիծ․ ԱՄԷ-ն և ՀՀ–ն փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները

ԱՄԷ-ն և ՀՀ–ն փոխադարձաբար կճանաչվեն երկու երկրների վարորդական վկայականները։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանն Ազգային ժողովի նիստում ներկայացրել է «Հայաստանի Հանրապետության ներքին գործերի նախարարության և Արաբական Միացյալ Էմիրությունների ներքին գործերի նախարարության կողմից տրամադրվող վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման և փոխանակման մասին» փոխըմբռնման հուշագիրը վավերացնելու մասին նախագիծը։

Նրա խոսքով՝ փաստաթուղթը ստորագրվել է 2025 թվականի սեպտեմբերի 30-ին Աբու Դաբիում և նախատեսում է կարգավորումներ երկու հիմնական խմբերի համար։ Առաջինը՝ այն քաղաքացիներն են, որոնք մեկնում են մյուս երկիր ոչ մշտական բնակության նպատակով, հայտնում է 1lurer.am-ը։

Այս դեպքում, ԱՄԷ քաղաքացիների վարորդական վկայականները (թեթև մարդատար մեքենաների մասով) ճանաչվում են ՀՀ տարածքում՝ օրինական կացության հիմքով, և նրանք կարող են ազատ վարել ՀՀ-ում։

«Մեր քաղաքացիների պարագայում, օրինական գտնվելու ժամկետով, ԱՄԷ-ում B կարգի և D1 ենթակարգի վարորդական վկայականներով նրանք կարող են ազատ երթևեկել ԱՄԷ-ում։

Հիշեցնեմ, որ B կարգը թեթև մարդատար մեքենաներն են, իսկ D1 կարգը՝ փոքր ավտոբուսը՝ մինչև 16 տեղանոց տրանսպորտային միջոցը։

Միակ պայմանն այն է, որ վարորդական վկայականների տնօրինողի տարիքը պետք է բավարարի ժամանման երկրի ազգային օրենսդրության տվյալ ենթակարգի վարորդական վկայականի համար սահմանված նվազագույն տարիքը, այն է՝ 18 տարեկանը, D1-ի պարագայում՝ 21 տարեկանը»,– նշել է նախարարի տեղակալը։

Երկրորդ խումբը վերաբերում է այն անձանց, ովքեր մեկնում են բնակության նպատակով և ձեռք են բերում կացության կարգավիճակ։ Այս դեպքում նրանք կարող են դիմել ու ստանալ վարորդական վկայական՝ առանց տեսական ու գործնական քննությունների հանձնելու։ Սակայն պահանջվում է մի շարք պայմանների կատարում՝ այդ թվում՝ վավեր կացության կարգավիճակ, վավեր վարորդական վկայական, ինչպես նաև տվյալ ենթակարգին համապատասխանող նվազագույն պահանջների բավարարում։

Այլ կարգերի ու ենթակարգերի դեպքում, նշված է, որ քաղաքացիները պետք է հանձնեն ինչպես տեսական, այնպես էլ գործնական քննություններ։