
Գյումրիի քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը դատարանի որոշմամբ երկարաձգվել է ևս 3 ամսով, հայտնում է Radar Armenia-ն։
Ազգային ժողովի «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Մհեր Մելքոնյանը, Գառնիկ Դանիելյանը և Գեղամ Մանուկյանը դատարանին ներկայացրել էին երաշխավորություն՝ Ղուկասյանի խափանման միջոցը փոխելու առաջարկով։ Նրանց է միացել նաև հայտնի դերասան Լևոն Հարությունյանը։
Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Լևոն Պետրոսյանի նախագահությամբ այսօր մեկնարկած դատական նիստ մեղադրող կողմը նշել էր, որ ավելի վաղ կիրառված խափանման միջոց կալանքի հիմքերը շարունակվում են պահպանվել։
Հոկտեմբերի 20-ին ուժայինները ներխուժեցին Գյումրու քաղաքապետարան, որպեսզի բերման ենթարկեն համայնքապետ Վարդան Ղուկասյանին։ Ավելի ուշ հայտարարվեց, որ 8 անձ է ձերբակալվել մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշոր չափերով կաշառք ստանալու, վերջիններիս կաշառք տալու մեղադրանքներով։ Գյումրու համայնքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով։ Ավելի ուշ Ղուկասյանին մեղադրեցին նաև այլ երկրների հետ միություն կազմելու վերաբերյալ հայտարարությունների համար։