18 դեկտեմբերի 2025 - 18:01 AMT
Մարզերի ուսուցիչները և սովորողները կստանան տրանսպորտային ծախսի փոխհատուցում

Հանրակրթական դպրոցների ուսուցիչներն ու սովորողները, որոնք իրավունք ունեն ստանալու տրանսպորտային ծախսերի փոխհատուցում, առաջիկայում կստանան ֆինանսավորումը՝ սահմանված կարգով, հայտնում է Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը։

Ծրագրի իրագործման նպատակով կառավարությունը հաստատել է 311 մլն 348 հազար դրամի հատկացում՝ կատարելով վերաբաշխում ԿԳՄՍ նախարարության 2025 թվականի բյուջեում։

Տրանսպորտային փոխհատուցում նախատեսված է մարզերում գործող ուսումնական հաստատությունների մանկավարժների համար (ներառյալ՝ զինղեկներ, ուսուցչի օգնականներ, հատուկ մանկավարժներ ու հոգեբաններ), եթե նրանք առնվազն 0.5 դրույքով աշխատում են դպրոցում, որը գտնվում է իրենց փաստացի բնակության վայրից առնվազն 5 կմ հեռավորության վրա։ Միևնույն ժամանակ, այդ նվազագույն ծանրաբեռնվածության պահանջը չի կիրառվում այն մանկավարժների նկատմամբ, ովքեր աշխատում են սահմանամերձ այն բնակավայրերում, որոնք ընդգրկված են կառավարության որոշմամբ հաստատված սոցիալական աջակցության ծրագրում։

Փոխհատուցում կստանան նաև այն աշակերտները, ովքեր մարզերում բնակվելով՝ կրթություն են ստանում այլ բնակավայրի դպրոցում, քանի որ իրենց համայնքում տվյալ մակարդակի կամ հոսքի կրթական ծրագիր բացակայում է։

Տրանսպորտային ծառայությունների վճարի փոխհատուցումը կատարվում է իրական հաճախումների հիմքով՝ համաձայն ՀՀ կառավարության 2025 թվականի օգոստոսի 28-ի N 1242-Ն որոշմամբ հաստատված կարգի։

Ըստ ընդունված որոշման՝ ճշգրտումներ են կատարվել նաև ծրագրի ոչ ֆինանսական ցուցանիշներում՝ հաշվի առնելով, որ այս տարվա սեպտեմբերից շահառու համարվող անձանց կազմը փոխվել է։