20 դեկտեմբերի 2025 - 13:01 AMT
Դեկտեմբերի 21-ին կդիտվի ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը

Դեկտեմբերի 21-ին, Երևանի ժամանակով 19:03-ին, Արեգակը կանցնի երկնային հորիզոնի նկատմամբ ամենացածր դիրքով՝ նշանավորելով աստղագիտական ձմռան սկիզբը, որը շարունակվելու է մինչև գարնանային գիշերհավասար (2026 թվականի մարտի 20-ին)։ Այդ մասին հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը։

Այս օրը հայտնի է որպես ձմեռային արևադարձի օր, և վաղը հյուսիսային կիսագնդում կդիտվի տարվա ամենաերկար գիշերն ու ամենակարճ ցերեկը։

Երևանում արևածագը տեղի է ունենալու 08:20-ին, իսկ արևամուտը՝ 17:39-ին, ինչի արդյունքում ցերեկվա տևողությունը կազմելու է ընդամենը 9 ժամ 19 րոպե։

Դրանից հետո Արեգակն ամեն օր երկնքում ավելի բարձր ուղիով է անցնելու, ինչի հետևանքով ցերեկվա տևողությունը քայլ առ քայլ ավելանալու է։ Տարեվերջին Երևանում այն կերկարի 3 րոպեով։