23 դեկտեմբերի 2025 - 13:21 AMT
Երևանի ավագանին հաստատել է տեղական տուրքերը, ներառյալ «կարմիր գծերի» հարցը

Երևանի ավագանին հաստատել է մի շարք չզեկուցվող հարցեր պարունակող փաթեթ, որի շրջանակում ընդունվել են նաև 2026 թվականի համար նախատեսված տեղական տուրքերի և վճարների դրույքաչափերը։

Նախագծերում ներառված են եղել նաև վճարովի ավտոկայանատեղիների՝ այսպես կոչված «կարմիր գծերի» և հանրային տրանսպորտի վճարները։ Դրանք նույնն են մնալու, ինչ 2025 թվականին են եղել, հայտնում է Sputnik Արմենիան։

Մինչ չզեկուցվող հարցերի ընդունումն ընդդիմադիր խմբակցություններն առաջարկել են տվյալ նախագծերը դարձնել զեկուցվող։ Քաղաքապետ Տիգրան Ավինյանը հակադարձել է, թե տեղական տուրքերի և վճարների մասով փոփոխություն չի եղել, այդ պատճառով էլ անհրաժեշտություն չկա այդ հարցերը զեկուցվող դարձնելու:

Արդեն քվեարկության ժամանակ ընդդիմադիր ավագանու անդամներից մեկը տեղից բղավել է․ «ով քվեարկեց՝ նիկոլական ա»։ Դրան ի պատասխան Ավինյանը կոչ է արել զուսպ լինել և լռել։

«Պարոն Հակոբյան, ձեր բակում, կներեք արտահայտությանս՝ քուչում չեք։ Ձեզ զուսպ պահեք»,- ասել է Ավինյանը։

Վերաքննիչ վարչական դատարանը մերժել էր Երևանի ավագանու բողոքը՝ ուժի մեջ թողնելով Վարչական դատարանի որոշումը, որով անվավեր էին ճանաչվել վճարովի ավտոկայանատեղիների վերաբերյալ ավագանու որոշման դրույթները:

Երևանի քաղաքապետարանը որոշել էր դիմել Վճռաբեկ դատարան ու բողոքարկել «կարմիր գծերի» մասին Վարչական դատարանի որոշումը։

«Մայր Հայաստան» խմբակցության ավագանու անդամ Սամվել Հակոբյանը նշել է, որ տեղական տուրքերի ու վճարների մասին օրենքներում արտոնությունների նախագիծը օրակարգ են բերել ՔՊ-ն ու «Հանրապետություն» կուսակցությունը։

Նույն խմբակցության ավագանու անդամ Մանուկ Սուքիասյանն էլ հարց է ուղղել Ավինյանին՝ թե «կարմիր գծերի» հարցում իրենց քաղաքական բարոյականությունն ո՞ւր է ու արդյոք գիտակցում են, որ մտել են քաղաքացու գրպանն ու դեռ շարունակում են նույնն անել։