23 դեկտեմբերի 2025 - 16:39 AMT
Բաբայանը՝ Վարդանյանի մասին ադրբեջանական ֆիլմում հարցազրույցի մասին․ Իրեն դիմել է հայազգի անձ իսպանական լրատվականի անունից

Արցախի Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Սամվել Բաբայանի մամուլի ծառայությունը, անդրադառնալով ադրբեջանական լրատամիջոցներով շրջանառվող ֆիլմին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի մասին, պարզաբանել է, որ հարցազրույց տալու առաջարկով Բաբայանին դիմել է հայազգի Միքայել Դիշունցը՝ ներկայացնելով իսպանական «TPTM Media Spain» ընկերության նախաձեռնությունը՝ «Կամուրջներ եզրին․ Հայաստանը մայրցամաքների միջև» խորագրով վավերագրական ֆիլմի նախագիծը։

«Նախագծի նպատակը, ըստ ֆիլմի ռեժիսոր Կարմեն Մարկեսի կողմից ստորագրված և ներկայացված փաստաթղթի, անդրադառնալն էր Հայաստանի եվրոպական ինտեգրման հեռանկարներին, Արցախից հետո ձևավորված նոր իրողություններին, տարածաշրջանային և աշխարհաքաղաքական զարգացումներին, տնտեսական վերափոխումներին։

Մոտ երկու ժամ տևած հարցազրույցից ֆիլմում ներառվել է ընդամենը մեկ րոպեանոց հատված, որը վերաբերում է Ռուբեն Վարդանյանին։ Վերջինիս գործունեության վերաբերյալ Սամվել Բաբայանը հանդես է եկել հրապարակային և հետևողական դիրքորոշմամբ, որից չի հրաժարվել և բազմիցս արտահայտվել է հանրային հարթակներում։

Միաժամանակ հարկ ենք համարում ընդգծել, որ հարցազրույցի տվյալ հատվածի ադրբեջանական մեդիայում հայտնվելու հանգամանքները ենթակա են պարզաբանման ոչ թե Սամվել Բաբայանի, այլ Հայաստանում ֆիլմի կազմակերպչական աշխատանքները համակարգած անձանց կողմից»,-ասվում է տարածված հայտարարության մեջ։

Սամվել Բաբայանը նաև գրառում է արել ֆեյսբուքյան էջում՝ կրկնելով հայտարարության վերջին պարբերությունը։

Բաբայանից բացի ֆիլմում Վարդանյանի մասին կարծիք է հայտնել ևս 3 հայազգի գործիչ, որոնցից միայն մեկն է դրական արտահայտվել Բաքվի բանտում պահվող Վարդանյանի մասին։