16 հունիսի 2009 - 15:02 AMT
Ռուսաստանի նախագահը հանդիպում չի ունենա Ահմադինեժադի հետ
Եկատերինբուրգում ՀՇԿ գագաթնաժողովի կազմակերպման կենտրոնակայանում հաղորդել են, որ նախկինում ծրագրված Ռուսաստանի եւ Իրանի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի եւ Մահմուդ Ահմադինեժադի երկկողմ հանդիպումը հետաձգվում է, հաղորդում է gazeta.ru-ն:

Ինչպես մեկնաբանել են ռուսական պատվիրակության աղբյուրները, դա բացատրվում է ՀՇԿ եւ ԲՌՀՉ գագաթնաժողովների շրջանակներում Մեդվեդեւի աշխատանքի խիտ ժամանակացույցով: Նախագահների հանդիպումը սկզբնապես ծրագրվում էր երկուշաբթի օրը, սակայն Ահամադինեժադը կարողացավ Եկատերինբուրգ ժամանել միայն երեքշաբթի առավոտյան:

Իրանի նախագահը ՀՇԿ գագաթնաժողովին հրավիրված է որպես դիտորդ:

Մինչդեռ, այսօր առավոտյան Թեհրանում ձերբակալվել է Իրանի նախկին փոխնախագահ Մոհամեդ Ալի Աբթախին, ով ընտրությունների ժամանակ աջակցել է Միր Հոսեյն Մուսավիին:

Իրանի ԿԸՀ-ի կողմից հրապարակված պաշտոնական արդյունքների համաձայն, հունիսի 12-ին կայացած Իրանի նախագահական ընտրությունների առաջին փուլում հաղթանակ է տարել Մահմուդ Ահմադինեժադը` 62,6 տոկոս, Միր Հոսեյն Մուսավին հավաքել է միայն 33,7 տոկոս, Մոհսեն Ռեզային` 1,7 տոկոս, Մեհդի Քարուբին` 0,85 տոկոս: