24 դեկտեմբերի 2025 - 17:46 AMT
ՌԴ դեսպան. Պատմությունը դարձել է աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա

Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, ելույթ ունենալով Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության մասնակիցների համար, ասել է, որ հատկապես նորագույն շրջանի պատմությունն այսօր դարձել է գաղափարական, քաղաքական և աշխարհաքաղաքական թեժ վեճերի առարկա։

«Շատ են կեղծիքները, բացահայտ ստերը, հետպատերազմյան աշխարհի զարգացումը որոշած առանցքային իրադարձությունները խեղաթյուրելու փորձերը», - նշել է դիվանագետը, գրում է Sputnik Արմենիան։l

Նրա խոսքով՝ աշխարհակարգի խորքային վերափոխումների պայմաններում օրինաչափ անհրաժեշտություն է առաջանում վերաիմաստավորել մի շարք պատմական իրադարձություններ՝ հաշվի առնելով նոր իրողությունները։ Կոպիրկինն ընդգծել է նման միջոցառումների և ինտելեկտուալ քննարկումների կարևորությունը, որոնք օգնում են երիտասարդներին ինքնուրույն աշխատել փաստերի հետ, ուսումնասիրել պատմական աղբյուրները և ձևավորել անցյալի սեփական ընկալումը այսօրվա տեսանկյունից:

Միաժամանակ նա նշել է, որ պարտադիր չէ ունենալ միասնական դիրքորոշում կամ ստանալ բոլոր հարցերի ամբողջական պատասխանները։ Առավել կարևոր է ձգտել ճշմարտությանը և խուսափել քարոզչական ու ֆեյք հարձակումների ազդեցությունից։ Դեսպանը վստահություն է հայտնել, որ բանավեճին մասնակցելը նպաստել է երիտասարդների մտավոր և անձնական զարգացմանը, իսկ ձեռք բերված գիտելիքներն ու հմտությունները օգտակար են լինելու նրանց հետագա մասնագիտական և քաղաքացիական գործունեության ընթացքում։

Կոպիրկինը մասնակիցներին մաղթել է բովանդակալից և հետաքրքիր քննարկումներ՝ ընդգծելով, որ նման ինտելեկտուալ մրցումներում պարտվողներ չեն լինում։

Հայաստանի միջբուհական բանավիճային առաջնության եզրափակիչ փուլը անցկացվել է այսօր։ Վճռորոշ մրցմանը հանդիպել են Մոսկվայի պետական համալսարանի երևանյան մասնաճյուղի և Հայաստանի Ամերիկյան համալսարանի թիմերը։