26 դեկտեմբերի 2025 - 18:05 AMT
Բաքվում Վարդանյանի գործով դատական նիստը հետաձգվել է՝ առողջական խնդիրների պատճառով

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դեմ շինծու գործերով Բաքվի ռազմական դատարանում դեկտեմբերի 26-ին կայանալիք դատական նիստը պաշտպանական կողմի միջնորդությամբ հետաձգվել է։

Նրա դատապաշտպան Էմիլ Բաբիշովը խնդրել է հետաձգել նիստը իր պաշտպանյալի մոտ առողջական խնդիրների պատճառով, հայտնում է Minval.az-ը։

Նշվում է, որ դատարանը հաշվի է առել փաստաբանի դիմումը և բավարարել է խնդրանքը։

Հաջորդ նիստը նշանակվել է դեկտեմբերի 30-ին։

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի` ԿԽՄԿ պատվիրակները դեկտեմբերի 24-ին և 25-ին այցելել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց։ Այդ մասին ասել է ԿԽՄԿ-ի հայաստանյան գրասենյակի հաղորդակցման պատասխանատու Զառա Ամատունին:Նա նշել է, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ: