
Այբբենարանում Մեսրոպ Մաշտոցի պատկերը վերականգնելու, QR կոդը վերացնելու պահանջը կատարվել է։ Այդ մասին ասվում է «Այբ Արարատ» մշակութային նախաձեռնության հայտարարության մեջ։
«Մեր նպատակն ու պահանջը մեկն էր և հստակ՝ վերացնել Այբբենարաններում կիրառվող QR կոդը և վերականգնել Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր իսկ կրծքին դրված ձեռքի խորհրդանշական կերպարանքով ու ստեղծած Այբ-ով, հենց Այբբենարանի առաջին էջում՝ այնտեղ, որտեղ սկիզբ է առնում հայոց գիրը, միտքը և ինքնությունը։
Ուրախությամբ արձանագրում եմ, որ նախաձեռնությունը հաջողությամբ պսակվեց՝ ի նպաստ հայ դպրության, ի պաշտպանություն Սուրբ Մեսրոպ Մաշտոցի պատկերի վերականգնման, և ամենակարևորը՝ հանուն այն գալիք սերնդի, որը պետք է բացի իր առաջին գիրքը և այնտեղ տեսնի հայոց գրերի ստեղծողին՝ Մեսրոպ Մաշտոցին։
Մենք վստահ ենք, որ վաղվա Հայաստանը կկերտվի գիտակից, արմատներով ամուր և կամքով ուժեղ երիտասարդների ձեռքով։
Թող այս նախաձեռնությունը դառնա հենց այդ սերնդի ուղենիշը, օրինակը և շարունակական պայքարի մեկնարկը»,–ասվում է հայտարարության մեջ։
Հոկտեմբերի 23-ին «Հայրենիք» կուսակցության երիտասարդ անդամները ԿԳՄՍ նախարարության շենքի դիմաց իրականացրել էին «Այբ Արարատ» խորագրով մշակութային բողոքի ակցիա, որը ուներ հստակ պահանջ՝ վերացնել QR կոդը Այբբենարաններից և վերադարձնել Մեսրոպ Մաշտոցի պատկերը՝ իր ԱՅԲ-ով հանդերձ, որպես հայ դպրության, մշակույթի և ինքնության անփոխարինելի խորհրդանիշ։