17 հունիսի 2009 - 21:06 AMT
Իրանը քաղաքական ճգնաժամ է ապրում
«Իրանում նախագահական ընտրություններից հետո տիրող իրավիճակը կարելի է անվանել ճգնաժամային: Իշխանությունների եւ Միր-Հոսեյն Մուսավիի կողմնակիցների միջեւ ընդհարումներն առաջիկա 2-3 օրերին շարունակվելու են»,- Երեւանում լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Նորավանք» հիմնադրամի տնօրենի տեղակալ Սեւակ Սարուխանյանը: «Իրանում քաղաքական ճգնաժամի տեսանելի փուլը կանցնի, բայց ճգնաժամը կշարունակվի քաղաքական վերնախավի մակարդակում»,- նշել է նա: Սարուխանյանի կարծիքով, չնայած մասսայական ընդհարումներին եւ զոհերին, Իրանի քաղաքական համակարգն ի վիճակի է վերահսկել իրավիճակը երկրում: «Այնուամենայնիվ մոտ օրերին ընդհարումները երկրի մեծ քաղաքներում շարունակվելու են, դրանք լինելու են ոչ թե իշխանության եւ ընդդիմության միջեւ ընդհարումներ, այլ իշխանության եւ հասարակության»,- ընդգծել է Սարուխանյանը: